Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Ազգային Ժողովն այսօր շարունակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկումը, որը նախատեսում է ծխախոտի, ալկոհոլի եւ բենզինի ակցիզային տոկոսադրույքի բարձրացում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի խորհրդարանական թղթակիցը, ներկայացնելով օրինագիծը` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասել է, որ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ծխախոտի համար 2014թ.-ից, բենզինի եւ ալկոհոլի համար` 2011թ.-ից: «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել խիստ քննադատությամբ այդ փոփոխությունների հասցեին: Խմբակցության անդամ Կարեն Վարդանյանն ասել է, որ ակցիզային տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները հղի են այդ ոլորտում աշխատատեղերի եւ ծխախոտի արտադրության կրճատման, ինչպես նաեւ սիգարետների մանրածախ գնի բարձրացման վտանգով: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն մեկ տուփ հայրենական սիգարետի ինքնարժեքի 10 դրամ, իսկ ներկրվողի` 15 դրամ բարձրացման: «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ խորհրդարանի կուլուարներում լուրեր են պտտվում, որ այդ լրացումները արտաքին ճնշման արդյունք են, ինչին Սուրեն Կարայանը պատասխանել է, որ Հայաստանը, որոշ միջազգային պայմանագրերի համաձայն, ունի պարտավորություններ գործընկեր երկրների հետ ազատ առեւտրի եւ առեւտրային հարաբերությունների մասին: Նա ընդգծել է, որ այդ փոփոխությունները ոչ թե ճնշման, այլ փոխադարձ պայմանավորվածության արդյունք են: Կարայանը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության եւ ծխախոտի արդյունաբերության ներկայացուցիչները չեն տուժի: Այդ հարցի շուրջ բանավեճը կշարունակվի խորհրդարանի հոկտեմբերի 6-ի նիստում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ֆինանսների նախարարությունը ներկայացրել էր օրինագծերի փաթեթ, որն առաջարկում էր փոփոխություններ կատարել «Ակցիզային հարկի մասին», «Ծխախոտի ֆիքսված վճարումների մասին» եւ մի շարք այլ օրենքներում: Առաջարկվող փոփոխությունների համաձայն, 2011թ. հունվարի 1-ից ալկոհոլը, բենզինը եւ դիզելային վառելիքը, իսկ 2014թ.-ից` ծխախոտը ֆիքսված հարկման դաշտից կանցնեն ընդհանուր հարկային համակարգ: Նախատեսվում է նաեւ կրճատել ֆիքսված վճարումների տոկոսադրույքների տարբերությունը տեղական եւ ներկրվող ապրանքատեսակների միջեւ եւ հավասարեցնել տեղական արտադրության եւ ներկրվող ալկոհոլի ակցիզահարկի տոկոսադրույքները: Tweet Դիտում՝ 10183