Երեւան/Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամը /ԱՄՀ/ Հայաստանին կտրամադրի $56 մլն-ի վարկ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան` ամփոփելով ԱՄՀ առաքելության այցի արդյունքները, որը Հայաստանում էր գտնվում սեպտեմբերի 9-ից 24-ը: Նա ընդգծել է, որ առաքելությունն ավարտել է քննարկումներն ու ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցրել է բարեփոխումների ծրագիրը, որն իրականացվում է Երկարաձգվող ֆինանսավորման (EFF) եւ Երկարաձգվող վարկավորման (ECF) ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նախատեսում է շուրջ $410 մլն-ի տրամադրում: ԱՄՀ կանխատեսումների համաձայն, 2010թ. արդյունքներով ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 4%, իսկ 2011թ.` 4,5%: ԱՄՀ փորձագետների կարծիքով, տնտեսական ակտիվության մասին է վկայում նաեւ վարկային միջոցների ներհոսքը մասնավոր հատված: Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա, Գիերմո Տոլոսայի խոսքերով, 2010թ. այն կկազմի ՀՆԱ-ի 45%-ը, ինչը թույլատրելի նշաձող է: Միաժամանակ, նա նշել է, որ 2011թ. այդ ցուցանիշը կսկսի աճել, սակայն ԱՄՀ փորձագետները կանխատեսում են ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի անկում` սկսած 2012թ.-ից: Tweet Դիտում՝ 11271