ՏՄՊՀ-ն 5 մլն դրամով տուգանել է «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկային»

29.09.2010 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը /ՏՄՊՀ/ այսօր «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին տուգանել է 5 մլն դրամով:

Ինչպես նիստում հայտնել է ՏՄՊՀ ներկայացուցիչ Հայկ Վարդանյանը, ընկերությունը չի կատարել հանձնաժողովի հուլիսի 28-ի որոշումը եւ 20-օրյա ժամկետում առեւտրի կետերից դուրս չի բերել չմակնշված հավկիթները: Նրա խոսքերով, ընկերությունը նաեւ չի վճարել 500 հազ. դրամի տուգանքը եւ ՏՄՊՀ-ին չի ներկայացրել որոշումը կատարելու մասին համապատասխան տեղեկությունն ու տուգանքի վճարման մասին անդորրագիրը:

Հայկ Վարդանյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից մինչեւ 15-ը ՏՄՊՀ-ն դիտարկում է անցկացրել Երեւանի սուպերմարկետներում, որտեղ հայտնաբերվել են «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՓԲԸ արտադրության չմակնշված հավկիթներ:

Հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ առեւտրի կետերում հայտնաբերվել են չմակնշված հավկիթներ «Եգիպտացորենի», «Յաչեյկա», «Գյուղական», «Մանկական», «Էլիտար», «Դիետիկ հավկիթներ», «Հավկիթներ դիետիկ» եւ «Յոդացված» անվանումներով:

Հանձնաժողովը որոշում է կայացրել «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին տուգանել 500 հազարական դրամով հավկիթների յուրաքանչյուր տեսակի համար, ինչպես նաեւ 1 մլն դրամով` ՏՄՊՀ հուլիսի 28-ի որոշումը չկատարելու համար: Հանձնաժողովը ընկերությանը հանձնարարել է 20-օրյա ժամկետում վաճառակետերից դուրս բերել չմակնշված հավկիթները, այսուհետ բացառել անբարեխիղճ մրցակցության նման դրսեւորումները եւ 10-օրյա ժամկետում ներկայացնել տուգանքի վճարման մասին անդորրագիրը:

Դիտում՝ 10317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW