«Կենսաթոշակային պարտադիր կուտակումների ներդրման պատճառները միանշանակ չեն»

28.09.2010 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակումների ներդրման պատճառները միանշանակ չեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պատասխանելով Banks.am պորտալին իր հարցազրույցի մեկնաբանություններում տեղ գտած այն մտահոգություններին, որ Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային բաղադրիչը բացակայում է արեւմտյան զարգացած երկրներում` Տիգրան Կարապետյանն ասել է, որ, ըստ բնագավառի տեսաբանների, պարտադիր կուտակային համակարգին անցնելն այլընտրանք չունի` հաշվի առնելով բնակչության ծերացման խորացող միտումները:

«Արեւմտյան Եվրոպայի երկրները որդեգրել են այլ քաղաքականություն. այնտեղ ուղղակի բարձրացնում են կենսաթոշակային տարիքը: Սակայն, սա թերեւս կարճաժամկետ լուծում է: Երկարաժամկետ հորիզոնում, ըստ իս, երկրները այս կամ այն չափով կիրառելու են պարտադիր բաղադրիչը: Ժողովրդագրական խնդիրներն այլընտրանք չեն թողնում: Հարցը միայն այն է, թե` երբ», - ասել է Տիգրան Կարապետյանը, հավելելով, որ ԱՄՆ-ում եւ զարգացած այլ երկրներում կենսաթոշակային խնայողություններ կատարելը դարձել է սովորական մի երեւույթ եւ նույնիսկ պարունակում է մշակութային տարր:

Նրա խոսքերով, եթե կառավարության առաջարկն օրենսդիրների կողմից աջակցություն ստանա, ապա 2014թ. նախաշեմին հնարավոր կլինի վերլուծել երեք տարվա արդյունքները եւ կշռադատել պարտադիր բաղադրիչի ներդրման թույլ եւ ուժեղ կողմերը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանից այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելիս տեղափոխել նաեւ խնայողությունները, Տիգրան Կարապետյանն ասել է, որ քաղաքացիությունը փոխելիս անձը իրավունք կունենա միանվագ կարգով փոխանցել իր կենսաթոշակային ակտիվները մեկնած երկրում գործող կենսաթոշակային հաշվին` անկախ այն հանգամանքից, գործում է այնտեղ պարտադիր կուտակային բաղադրիչ, թե ոչ:

«Ներկա իրավական ակտերի նախագծերով ակտիվների փոխանցման մանրամասները տրված չեն: Ենթադրում եմ, որ ապագայում կլինեն մշակված ընթացակարգեր: Օրինակ, հնարավոր է, որ դուք ընտրեք ձեր մշտական բնակության երկրում գրանցված որեւէ ֆոնդ եւ հանձնարարեք, որ Հայաստանում կուտակված Ձեր միջոցները տեղափոխվեն այնտեղ: Այնուհետեւ, երբ կհասնեք կենսաթոշակային տարիքի, կկարողանաք այդ ֆոնդից ստանալ Ձեր կենսաթոշակը»,- ասել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ»-ի ղեկավարը:

Դիտում՝ 15254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW