Երեւան/Մեդիամաքս/. Ֆրանսիայի «Լա Փոստ» ազգային փոստային օպերատորը մտադիր է վերսկսել Հայաստանի հետ թղթակցային հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է «Լա Փոստ»-ի, որը հանդիսանում է «Հայփոստ» ազգային փոստային ընկերության փոստային մենեջերը, միջազգային տնօրեն Ժան Պոլ Ֆորսեւիլը: Նրա խոսքերով, «Հայփոստ»-ի գործունեությունը հիմնված կլինի 3 հիմնական ուղղությունների վրա` նամակներ, բեռներ եւ ֆինանսական ծառայություններ: Ժան Պոլ Ֆորսեւիլը նկատել է, որ «Լա Փոստ»-ը մտադիր է նաեւ ներդրումներ կատարել տեսակավորման կենտրոնի ստեղծման համար, որը կգտնվի Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ինչպես նշել է «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ընկերությունը Հայաստանում ունի եզակի ենթակառուցվածք եւ ֆրանսիական օպերատորի աջակցությամբ հնարավորություն ունի դառնալ կարեւոր գործիք ՀՀ համայնքների հավասարաչափ զարգացման գործում: «Ֆրանսիական օպերատորի հետ մեր համագործակցության նպատակն է «Հայփոստ»-ի գործառույթների եւ ծառայությունների արդիականացումը, ՀՀ բնակչությանը մատչելի եւ հուսալի փոստային ծառայությունների մատուցումը»,- ասել է նա: Խոսելով բանկային ծառայությունների մատուցման մասին` Արման Խաչատրյանը նշել է, որ մինչեւ 2010թ. ավարտը կվերանորոգվեն 30 փոստային գրասենյակներ, որոնք կսկսեն տրամադրել նաեւ ֆինանսական ծառայություններ: Իսկ մինչեւ 2015թ. նախատեսվում է գործարկել Post Bank-ի եւս 250 փոստային գրասենյակ, եւ այդ նպատակով կներդրվի 4 մլրդ դրամ: Հայաստանյան «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը նշել է, որ Post Bank-ը մատուցելու է հետեւյալ բանկային ծառայությունները. դրամական փոխանցումներ, ավանդային եւ բանկային հաշիվների սպասարկում, ավանդներ ծերերի ու երեխաների համար, պլաստիկ քարտերի տրամադրում եւ այլն: Նա հայտնել է, որ հետագայում Post Bank-ը կիրականացնի նաեւ վարկավորում գյուղատնտեսության եւ փոքր բիզնեսի ոլորտներում: Նշենք, որ Ֆրանսիայի «Լա Փոստ» ազգային փոստային օպերատորի եւ Հայաստանի «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր էր կնքվել 2010թ. մայիսի 6-ին: Tweet Դիտում՝ 14470