Երեւան/Մեդիամաքս/. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները ուժի մեջ են մտել եւ տարածվում են բոլոր ավանդատուների վրա` անկախ ավանդի ձեւակերպման ժամանակից: Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը, երաշխավորված ավանդների նոր չափը (4 մլն դրամ ազգային արժույթով ավանդների համար եւ 2 մլն դրամ` արտարժույթով ավանդների համար) տարածվում է ինչպես օրենսդրական փոփոխությունների ընդունումից առաջ, այնպես էլ դրանցից հետո ավանդները ձեւակերպած ավանդատուների վրա:2010թ. հունիսին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն, բանկային ավանդների հատուցման չափը սահմանված է 4 մլն դրամի (նախկին 2 մլն դրամի փոխարեն), իսկ արտարժույթով` 2 մլն դրամի (նախկին 1 մլն դրամի փոխարեն) սահմաններում: Ինչպես նշել է Հերմինե Հարությունյանը, հատուցման են ենթակա ինչպես բանկային ավանդները, այնպես էլ ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի` ՀՀ բոլոր առեւտրային բանկերում ձեւակերպված հաշվարկային եւ ընթացիկ հաշիվներին առկա միջոցները: Հատուցման դեպք է համարվում բանկն անվճարունակ կամ սնանկ ճանաչելը:«Հիմնադրամը երաշխավորում է յուրաքանչյուր ավանդատուի ավանդը յուրաքանչյուր բանկում, պարզ ասած, նույն ավանդատուն, ով ավանդներ ունի միաժամանակ երկրի բոլոր բանկերում, հատուցման դեպքում հատուցում է ստանում բոլոր բանկերում ունեցած բոլոր ավանդների համար»,- նշել է Հերմինե Հարությունյանը: Tweet Դիտում՝ 15709