Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն այսօր «զայրացնող» է անվանել կարգավորչի որոշման նախագիծը ունիվերսալ վարկային կազմակերպությունների /ՈՒՎԿ/ նվազագույն կապիտալը 150 մլն-ից 1 մլրդ դրամ դարձնելու մասին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԿԲ նախկին ղեկավարը, ով ներկայումս գլխավորում է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ն, այսօր ասել է, որ հուլիսի 17-ին ծանուցում է ստացել ԿԲ-ից այդ նախագծի վերաբերյալ` մինչեւ հուլիսի 19-ը ցանկություններ եւ առաջարկություններ ուղարկելու առաջարկով: Բագրատ Ասատրյանը նկատել է, որ 2 ոչ աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ կազմել եւ ուղարկել առաջարկություններ: «Կարող եմ ենթադրել, որ մի քանի օլիգարխներ որոշել են իրենց ձեռքը վերցնել այդ ոլորտը եւ փորձում են շուկայից դուրս մղել փոքր վարկային կազմակերպությունները»,- նշել է ԿԲ նախկին ղեկավարը: Խոսելով երկրի տնտեսական իրավիճակի մասին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ ՀՀ տնտեսության աճի վրա ազդում են սահմանափակ գործոններ: Նրա խոսքերով, «պետության կողմից արտաքին միջոցների ներգրավումը, հումքի համաշխարհային գների աճը եւ մասնավոր տրանսֆերտները. ահա այն ամենը, ինչը որոշում է ՀՀ տնտեսության զարգացման միտումը»: Խոսելով հարկային համակարգի աշխատանքի մասին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ «այն ծառայում է միայն մի քանի օլիգարխների շահերին եւ օգուտ չի տալիս ոչ երկրի բյուջեին, ոչ Հայաստանի քաղաքացիներին»: Tweet Դիտում՝ 13930