Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Telcell տերմինալների միջոցով կարելի է ոչ միայն վճարել բազմազան ծառայությունների դիմաց, այլեւ նվիրատվություններ փոխանցել «Նվիրի'ր կյանք» հիմնադրամին: «Նվիրի'ր կյանք» հասարակական կազմակերպությունը զբաղվում է լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման համար միջոցների հավաքագրմամբ: «Մենք որոշեցինք ընդունել «Նվիրի'ր կյանք» հիմնադրամի կողմից գործընկերության առաջարկը, քանի որ գիտենք, որ երբեմն երեխայի կյանքի փրկության համար կարող է չբավարարել հենց այն գումարը, որը շատ քաղաքացիներ պատրաստ են նվիրաբերել, սակայն չգիտեն, թե ինչպես դա կարելի է անել: Հազարավոր մարդիկ ամեն օր վճարումներ են կատարում Telcell-ի ավելի քան 300 տերմինալների միջոցով, եւ մենք հուսով ենք, որ կարող ենք նրանց ուշադրությունը հրավիրել հիվանդ երեխաների խնդրին»,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է Telcell-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանը: Տերմինալի միջոցով «Նվիրի'ր կյանք» հիմնադրամի օգտին վճարումը զբաղեցնում է ոչ ավել, քան մեկ րոպե: Վճարում կատարելու համար պետք է սեղմել «Ծառայությունների վճարում» ստեղնը եւ ընտրել «Նվիրի'ր կյանք» օպերատորին: Ապա անհրաժեշտ է ներմուծել Ձեր բջջային հեռախոսահամարը եւ կատարել վճարում: Բոլոր միջոցները եւ վճարողների մասին տեղեկատվությունը փոխանցվում են «Նվիրի'ր կյանք» հիմնադրամին, որն ամեն ամիս հեռախոսահամարի մի մասը վճարման ամսաթվի ու գումարի հետ մեկտեղ տեղադրելու է իր կայքում` www.nvirir-kyanq.am: Tweet Դիտում՝ 15318