Երեւան/Մեդիամաքս/. Լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության “կնքահայր” Թոնի Այոմին հայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի հետ կձայնագրի մի քանի նոր երգ` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Թոնի Այոմին այդ մասին ասել է Metal Hammer-ի հետ բացառիկ հարցազրույցում: «Մի քանի շաբաթ առաջ ես ու Գիլանը հանդիպեցինք եւ ձայնագրեցինք մի քանի թրեքեր, որպեսզի միջոցներ հավաքագրենք Հայաստանի դպրոցի համար: Մենք Հայաստանի համար միջոցներ հավաքեցինք 20 տարի առաջ եւ ցանկանում ենք կրկնել այդ փորձը: Մի քանի ամիս առաջ այցելեցինք Հայաստան, եւ նախագահը մեզ հանձնեց Պատվո շքանշաններ: Մենք այնտեղ էինք Իէնի հետ, մեզ հետ էր նաեւ Փեթ Քեշը: Մեզ ցույց տվեցին հին երաժշտական դպրոցը, որտեղ բավական ցուրտ էր, իսկ դպրոցի աշակերտները չունեին երաժշտական գործիքներ: Մենք նրանց նվիրեցինք մի քանի կիթառ եւ հարվածային սարքավորում, ինչպես նաեւ ցանկանում ենք երեխաների համար կառուցել նոր դպրոց: Մենք պատրաստվում ենք միասին ձայնագրել մի քանի երգ եւ հուսով ենք, որ մեզ կհաջողվի բավականաչափ գումար հավաքել նոր դպրոցի կառուցման համար: Այժմ մեր ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: Մենք մտածում ենք մի քանի կենդանի կատարումների մասին, սակայն դեռեւս պետք է Իէնի հետ պարզենք մեր ծրագրերը, քանի որ, հուսով եմ, շուտով կվերսկսեմ շրջագայությունը Heaven and Hell-ի հետ»,- ասել է Թոնի Այոմին: Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը Հայաստան էին այցելել 2009թ. հոկտեմբերի 1-2-ին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի կողմից կազմակերպված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում: Ս.թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացան Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, եւ ողջ հասույթը` 18 մլն 327 հազ. դրամ, կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար շենքի կառուցմանը: Tweet Դիտում՝ 11481