Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ բնական գազի գնի անուղղակի ազդեցությունն ինֆլյացիայի վրա կկազմի 0,9%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր կայացած կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել բարձրացնել սոցիալական նպաստներն (15%-ով) ու կենսաթոշակները (11%-ով), ինչն իսկապես կչեզոքացնի առկա ինֆլյացիոն բարձր ճնշումները: Նրա խոսքերով, կառավարության կանխատեսումներով, տարեվերջին ինֆլյացիան կազմելու է 7%, որից 1%-ը բաժին է ընկնելու բնական գազի գնին, «եւ դա շատ բարձր ցուցանիշ է»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ սոցիալական նպաստների 15% բարձրացումը զգալիորեն կչեզոքացնի գների բարձրացման բացասական հետեւանքները: «Այն փաստը, որ 2010թ. նոյեմբերից երկրում 11%-ով կավելանան նաեւ կենսաթոշակները, նշանակում է, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի է փոխհատուցել գների բարձրացման հետեւանքով սպասվող բացասական հետեւանքները, ավելին, հաշվարկները ցույց են տալիս, որ սպառողական զամբյուղի տեսանկյունից այդ միջոցառումները կնպաստեն աղքատության կրճատմանը»,- հայտարարել է վարչապետը: Tweet Դիտում՝ 11406