Երեւան/Մեդիամաքս/. “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսան ընդլայնել է իր պաշտոնական www.nasdaqomx.am կայքէջում հրապարակվող բորսայական առեւտրի տվյալների կազմն ու կառուցվածքը: Ինչպես “ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բորսայի մամուլի ծառայությունում, այդ քայլը հնարավոր է դարձել համակարգչային նոր ծրագրի մշակման եւ ներդրման շնորհիվ, որի արդյունքում ապահովվել է բորսայի առեւտրային համակարգի եւ կայքէջի կառավարման ծրագրի միջեւ տվյալների դինամիկ փոխանակումը: ՙՍտանդարտ ժամանակահատվածների (օրական, ամսական, եռամսյակային եւ տարեկան) համար հաշվետվությունների ստացման հնարավորությանը ավելացվել է նաեւ կամայական ժամանակաշրջանի համար բորսայական առեւտրի ամփոփ տվյալների ստացման հնարավորությունը: Բացի այդ, քանի որ կայքէջի “Առեւտրի տվյալներ” բաժինը թարմացվում է 30 րոպեն մեկ` սկսած ժամը 11:00-ից` առեւտրային նստաշրջանի բացման պահից, կայքի այցելուները կարող են տեղեկացված լինել բորսայական շուկայի վերջին զարգացումների, այդ թվում բոլոր գործիքներով իրականացված առեւտրի ծավալների եւ դրանց գների մասին”,- տեղեկացրել են բորսայում` հավելելով, որ բարելավվել է նաեւ տեղեկատվության ներկայացման կառուցվածքը` ստանալով օգտագործողի համար ավելի հարմար եւ մանրամասն տեսք. ՌԵՊՈ գործիքներով առեւտրին վերաբերող տեղեկատվությունն այժմ ներառում է տեղեկություններ թե՞ ուղղակի, թե՞ հետադարձ գործարքների գների մասին: Նշվածից բացի, բորսայական առեւտրի տվյալներն այժմ հնարավոր է բեռնել *.csv ֆորմատով (comma separated values` ստորակետով տարանջատված արժեքներ), որը հանդիսանում է տվյալների ներկայացման համար միջազգային փորձում ընդունված ձևաչափ եւ շատ հարմար է նրանց համար, ովքեր զբաղվում են կապիտալի շուկայի մասին տվյալների հավաքագրմամբ, վերլուծությամբ եւ հաշվետվությունների պատրաստմամբ: ՙ“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հույս է հայտնում, որ տեղեկատվության բացահայտման համակարգի նշված կատարելագործումը կնպաստի շուկայի մասնակիցների, վերլուծաբանների, ԶԼՄ-ների, ինչպես նաև հանրության լայն շրջանների կողմից Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող տեղեկատվության առավել արդյունավետ և դյուրին կերպով օգտագործմանը և կշարունակի այս բնագավառում իր աշխատանքները”,- նշել են ֆոնդային բորսայում: Tweet Դիտում՝ 12783