Երեւան /Մեդիամաքս/. “Տոյոտա-Երեւան” ընկերությունը այսօր հայտարարել է հաջորդ շաբաթ կանխարգելիչ բնույթի սպասարկման արշավի անցկացման մասին` գազի ոտնակի աշխատանքի հնարավոր թերությունների վերացման նպատակով: Արշավը կվերաբերվի փոխանցման ռոբոտացված տուփով Toyota Corolla 1.6 մոդիֆիկացիային` թողարկված 2006թ. հոկտեմբերից մինչեւ 2009թ. դեկտեմբերը, եւ Toyota RAV 4 2.0 մոդիֆիկացիային` արտադրված 2005թ. նոյեմբերից մինչեւ 2009թ. նոյեմբերը: “Ավտոմեքենաների ետկանչը տեղի կունենա “Տոյոտա-Երեւանի” կազմած ցուցակներով: Toyota Motor-ի կողմից սահմանված կարգին համապատասխան, “Տոյոտա-Երեւան” ինքն է հրավիրելու ավտոմեքենաների տերերին եւ ընկերությանը ինքնուրույն դիմելու որեւէ անհրաժեշտություն չկա: Գազի ոտնակի աշխատանքի բարելավման գործընթացն անվճար է կտեւի ընդամենը 10-15 րոպե”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերությունում: “Տոյոտա-Երեւան” ընկերությունում վկայակոչել են Europe-ի նախագահ Տադաշի Արաշիմայի այն հայտարարությունը, որ գազի ոտնակի աշխատանքի թերությունները չեն վերաբերվում Toyota-ի այլ մոդելներին եւ Lexus-ին: “Մենք հասկանում ենք, որ այս իրավիճակն անհարմարություններ է ստեղծում է, եւ խորապես ցավում ենք դրա համար: Մենք ցանկանում ենք հաճախորդներին վստահեցնել, որ գազի ոտնակի հետ կապված հավանական խնդիրը ծագում է շատ հազվադեպ հանգամանքներում: Ավտոմեքենաների ստուգումը նախազգուշական միջոցառում է` մեր հաճախորդների համար Toyota ավտոմեքենաների որակի բարձր չափանիշները երաշխավորելու նպատակով”,- ասվում է Տադաշի Արաշիմայի հայտարարության մեջ: “Toyota ընկերության գործունեության հիմնական սկզբունքն է` “Հաճախորդը` առաջին տեղում”: Այդ պատճառով մենք ցանկանում ենք վստահեցնել մեր գնորդներին, որ նրանց անվտանգությունն ու ավտոմեքենաների բարձր որակը մեզ համար առաջնային են”,- հայտարարել են “Տոյոտա-Երեւան” ընկերությունում: Tweet Դիտում՝ 19243