Երեւան /Մեդիամաքս/. “Անելիք ՌՈՒ” բանկը, որը հայաստանյան “Անելիք Բանկի” դուստր բանկն է, ներդրում է ռուսաստանյան շուկայում դրամական փոխանցումների ամենացածր սակագները դեպի Հայաստան եւ ԱՊՀ երկրներ փոխանցումների համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին Ռուսաստանի հայերի միության ինտերնետային կայքին տված հարցազրույցում հայտնել է “Անելիք ՌՈՒ” բանկի վարչության նախագահ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքերով, այս տարվա հոկտեմբերից դեպի Հայաստան մինչեւ $3000 ծավալի փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 0.8%-ը: Եթե փոխանցվող գումարը գերազանցում է $3000-ը, միջնորդավճարը կազմում է ընդամենը 0.5%: “Ցավոք, համակարգն ի վիճակի չէ միջնորդավճարները նվազեցնել բոլոր կետերի եւ երկրների համար: Սակայն, ինչ վերաբերում է “Անելիք ՌՈՒ”-ի գլխավոր գրասենյակին եւ ԱՊՀ երկրներում Anelik-ի հաճախորդներին, ովքեր երկար տարիներ օգտվում են մեր ծառայություններից, ես որոշել եմ գնալ ռադիկալ քայլի”,- ասել է Արմեն Ղազարյանը` նշելով, որ բացի Հայաստանից, շուտով նոր սակագներից կարող են օգտվել ԱՊՀ գրեթե բոլոր երկրները: Խոսելով “Անելիք ՌՈՒ”-ի նոր ծառայությունների մասին` Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ բանկը թողարկել է հատուկ Anelik Card քարտեր, որոնք բանկի հաճախորդներին թույլ են տալիս դրամական փոխանցումներ կատարել Մոսկվայից` “Անելիք ՌՈՒ”-ի վճարային տերմինալների միջոցով, որոնց թիվը հասնում է շուրջ 2000-ի: Բանկի վարչության նախագահը նշել է, որ այդ ծառայությունը թույլ է տալիս փոխանցում կատարել երեք անգամ ավելի արագ` առանց միջնորդավճարի տարբերության: Tweet Դիտում՝ 10966