Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը 2010թ. մարտ 26-ին եւ 27-ին հանդես կգա Երեւանում

04.12.2009 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանը 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում հանդես կգա երկու բարեգործական համերգներով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել են համերգների կազմակերպիչ` Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, համերգների գլխավոր հովանավոր` բջջային օպերատոր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Իէն Գիլանի բարեգործական համերգները տեղի կունենան “Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Ս.թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ս.թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության “Պատվո շքանշաններ” հանձնվեցին ռոքի համաշխարհային լեգենդներ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջեֆ Դաունսին եւ “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ Ջոն Դիին:

“ՀՀ նախագահի հրամանագրում ասված էր, որ “Պատվո շքանշանները” շնորհվել են “Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերած զգալի եւ շարունակական աջակցության համար”, եւ այսօր մենք կարող ենք հայտարարել, որ առաջիկա ամիսներին դուք կդառնաք ռոքի աստղերի` Հայաստանին օգնելուն ուղղված նոր քայլերի վկաները”, - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

“Ծրագիրը կորպորատիվ պատասխանատվության ոլորտում կորպորատիվ սեկտորի եւ լրատվամիջոցի գործընկերության հիանալի օրինակ է: Այն փաստը, որ նախագծի շրջանակներում իրենց ջանքերն են միավորել “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը` Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը, եւ Մեդիամաքսը` տեղեկատվական դաշտում իր ուրույն տեղն ունեցող ընկերությունը, վկայում է այն մասին, որ բիզնեսի մեծությունը նշանակություն չունի, եթե ընկերություններին միավորում են միասնական գաղափարներն ու նպատակները”,- ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էդուարդ Թոփչյանն ասել է, որ կայանալիք համերգները “մեծ իրադարձություն կդառնան”:

“Մեզ համար շատ հետաքրքրիր կլինի հանդես գալ այնպիսի մեծ երաժշտի հետ, ինչպիսին է Իէն Գիլանը”,- ասել է նա:

Մեդիամաքսի տնօրենն ընդգծել է, որ “տոմսերի գները մատչելի են լինելու”:

“Ցավոք, վերջին ժամանակներս Հայաստանում տարածված է այն կարծիքը, որ եթե համերգը բարեգործական է, ապա տոմսերի գները պետք է անչափ բարձր լինեն: Մենք անթույլատրելի ենք համարում թանկ տոմսերի պատճառով երկրպագուներին իրենց կուռքի հետ հանդիպելու հաճույքից զրկելը”,- ասել է Արա Թադեւոսյանը: 

Նա նաեւ հայտնել է, որ մինչեւ տարեվերջ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ Մեդիամաքսը միասին կայցելեն Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որպեսզի Նոր տարվա շեմին երաժշտական գործիքներ կնվիրեն նրա սաներին:

Դիտում՝ 12834
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW