Հայաստանի եւ Թուրքիայի համագործակցությունից կշահի ողջ տարածաշրջանը, կարծում է ՀԱԳՄ նախագահը

11.09.2009 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Թուրքիան առաջին անգամ է համաձայնվում Հայաստանին իրավահավասար գործընկեր ճանաչել, եւ այդ համագործակցությունից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլեւ ողջ տարածաշրջանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության /ՀԱԳՄ/ նախագահ Արսեն Ղազարյանը:

Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններն աննախադեպ քայլ են երկկողմ հարաբերություններում:

“Մեր մասնավոր ձեռնարկատերերն արդեն չեն սահմանափակվում ներքին շուկայով, եւ այդ ոլորտում նրանք գործունակ են ու ագրեսիվ, իսկ սահմանի բացումը նրանց թույլ կտա դուրս գալ ոչ միայն թուրքական, այլեւ եվրոպական շուկա”, - ասել է Արսեն Ղազարյանը: 

Նա հայտնել է, որ նախկինում Թուրքիայից ապրանքի ներկրումը տարեկան կտրվածքով չէր գերազանցում $100 մլն-ը, իսկ սահմանի բացումից հետո այդ ցուցանիշը կավելանա առավելագույնը 15%-ով, քանի որ թուրքական ապրանքներն արդեն իրենց տեղն են զբաղեցնում հայաստանյան շուկայում: “Դրա փոխարեն մենք հնարավորություն կստանանք աշխատել թուրքական շուկայում դեպի Եվրոպա ելքով: Միաժամանակ, փոխադրման արժեքը կկրճատվի 20-25%-ով”, - նշել է Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքերով, ՀԱԳՄ-ն էներգետիկայի, զբոսաշրջության, գործվածքների ու ցեմենտի արտադրության, ինչպես նաեւ գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման լուրջ մտադրություններ ունի: Արսեն Ղազարյանը համագործակցության համար փոխշահավետ ոլորտներ է համարում նաեւ առողջապահությունը, գիտությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները:

ՀԱԳՄ-ի ղեկավարը ուշադրություն է հրավիրել նաեւ սպառնալիքների վրա` ընդգծելով, որ ազգային անվտանգության տեսակետից անհրաժեշտ կլինի ուժեղացնել վերահսկողությունը մաքսակետերում զենքի եւ թմրամիջոցների մաքսանենգության կանխարգելման նպատակով:

Դիտում՝ 10580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW