ԿԲ-ն իջեցրեց տոկոսադրույքը` սահմանելով այն 5.5%
08.07.2009 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով իջեցնելու եւ այն 5.5%-ի մակարդակում սահմանելու մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, 2009 թ. հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 0.3% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%` շուրջ 1 տոկոսային կետով ցածր լինելով ԿԲ-ի կանխատեսումներից:
ԿԲ խորհուրդը փաստել է, որ միջազգային շուկաներում որոշ ապրանքատեսակների գների աճը ազգային արժույթի փոխարժեքի կայունության պայմաններում արտահայտվել է նաեւ այդ ապրանքների ներքին գներում: Այդուհանդերձ, գնահատվածից զգալիորեն ավելի արագ տեմպով տնտեսական անկման պայմաններում ընդհանուր առմամբ ձեւավորվել է ներքին ցածր գնաճային միջավայր:
ԿԲ խորհուրդը գտնում է, որ չնայած կառավարության հակաճգնաժամային ծրագրի ընթացքից եւ համաշխարհային տնտեսության վերականգնման հնարավոր ժամկետներից ու տեմպերից կախված էական անորոշությունների պահպանմանը, նպատակահարմար է շարունակել տոկոսադրույքների նվազեցումը` զուգակցելով այն ծավալային ընդլայնման ակտիվ իրականացմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: