Երեւան /Մեդիամաքս/. «Այ Էյ Բի Կենտրոնը» հայտարարել է Միջազգային ֆինանսական հաշվետվական ստանդարտների (ՄՖՀՍ` International Financial Reporting Standards - IFRS) ուսուցման դասընթացների մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Այ Էյ Բի Կենտրոնը» հաղթել է Հայաստանում ՄՖՀՍ անցկացման համար` ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության (USAID) Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման ծրագրի (FSDP) մրցույթում: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ կրթական ծրագիրը գրագետ է կազմված եւ ապահովում է բոլոր հարցերի որակյալ լուծումը ՄՖՀՍ-ին անցնելու գործընթացում: Նա նշել է, որ ՄՖՀՍ-ին անցումը հայաստանյան տնտեսությունում կորպորատիվ կառավարման կայացման առանցքային քայլերից մեկն է, ինչը հատկապես կարեւոր է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Վախթանգ Աբրահամյանը հիշեցրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած ՄՖՀՍ-ն հայերեն լեզվով կթարգմանվի այս տարվա սեպտեմբերին, եւ դասընթացների մասնակիցները ավարտելուց հետո կարող են ծանոթանալ նաեւ չափանիշների հայերեն խմբագրությանը: Դասընթացները նախատեսված են երեք թիրախային լսարանների` բանկերի հաշվապահների, այլ ֆինանսական կազմակերպությունների հաշվապահների եւ ֆինանսական կազմակերպությունների մենեջմենթի ներկայացուցիչների համար: Հաշվապահների համար նախատեսված դասընթացները տեւում են 30 ժամ, մենեջերների համար` 24 ժամ: «Այ Էյ Բի Կենտրոնի» տնօրեն Արաքսյա Մելքոնյանը նշել է, որ ուսումնական կենտրոնի ղեկավարությունը հպարտանում է մրցույթում իր հաղթանակով եւ Հայաստանում ՄՖՀՍ դասավանդելու հնարավորությամբ: Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը Հայաստանում ՄՖՀՍ ներդրումն անվանել է «անխուսափելի եւ անհրաժեշտ»: Tweet Դիտում՝ 13009