Երեւան /Մեդիամաքս/. “Արարատբանկը” դասվում է Հայաստանի լավագույն բանկերի թվին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում բանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքերով, ռիսկերի ճիշտ գնահատման եւ արդյունավետ կորպորատիվ կառավարման շնորհիվ կարճ ժամանակահատվածում բանկին հաջողվել է շուկայում առաջատարի դիրք զբաղեցնել: Արթուր Ջավադյանը նկատել է, որ այսօր “Արարատբանկն” ըստ ստանդարտ վարկերի տրամադրման ցուցանիշի զբաղեցնում է առաջին տեղը, եւ դրանց ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 98%: “Հնարավոր է, դեռ էլի որոշ բաներ կան անելու կապիտալի եւ հաշիվների մասով, սակայն բանկի աճի տեմպը վստահություն է ներշնչում”,- ասել է Արթուր Ջավադյանը: Ներկայացնելով 2009թ. ծրագրերը` “Արարատբանկի” գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշել է, որ բանկը նախատեսում է ուժեղացնել ռիսկերի գնահատման մենեջմենթը: Նա ընդգծել է, որ այսօր ռիսկերի արդյունավետ գնահատումն ու կառավարումը առեւտրային բանկերի համար ամենաարդիական խնդիրն է: Tweet Դիտում՝ 13555