Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում սպասվում է տնտեսության աճ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, նման կանխատեսման առիթ է տալիս այն հանգամանքը, որ ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մեկ եռամսյակով ետ էր մնացել համաշխարհային միտումներից, իսկ դա նշանակում է, որ ճգնաժամի հաղթահարումը եւս տեղի կունենա ավելի ուշ, քան ամբողջ աշխարհում, ուր դրական բեկում է սպասվում արդեն 2009թ. երրորդ եռամսյակում: Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը բարձր է գնահատել ճգնաժամի հաղթահարմանն ուղղված` ՀՀ կառավարության քայլերը, հատուկ նշելով ոսկերչական բիզնեսին հարկային արտոնություների տրամադրումը, շինարարության խթանումը եւ գյուղատնտեսությանը երաշխիքների տրամադրումը: Նա նշել է, որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է ֆինասնավորման համար, այդ իսկ պատճառով պետության կողմից հատուկ ուշադրության կարիք ունի: Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի կայունացնող վարկի տրամադրման մասին համաձայնագիրը մոտ ժամանակներս կվավերացվի ՀՀ խորհրդարանի կողմից: Նա ընդգծել է, որ միջոցները հիմնականում ուղղվելու են բյուջետային ծախսերին, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն օժանդակելուն: Tweet Դիտում՝ 12350