Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ Համաշխարհային բանկը /ՀԲ/ համաձայնագիր են ստորագրել համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, փաստաթղթի ստորագրման արարողության ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ համաձայնագրի շրջանակներում ՀԲ-ը Հայաստանին կտրամադրի $85 մլն-ի վարկ չորս ծրագրերի իրագործման նպատակով, որոնք կօգնեն մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Նրա խոսքերով, համաձայնագիրը նախատեսում է նաեւ Համաշխարհային տնտեսական հիմնադրամի (GEF, ՀԲ-ի կառույց) կողմից $1,5 մլն դրամաշնորհի տրամադրում Հայաստանում երկրաջերմային էնեգետիկայի զարգացման համար: ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը նշել է, որ այդ միջոցները Հայաստանին արագ կերպով են տրամադրվելու ` կազմակերպության հետ սերտ համագործակցության շնորհիվ: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագրերի իրագործումը թույլ կտա առաջիկա ամիսների ընթացքում ստեղծել նոր աշխատատեղեր եւ բարելավել բնակչության կենսապայմանները: Երեք ծրագրերի կատտարմանն ուղղված վարկը տրամադրվելու է Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA, ՀԲ կառույց) կողմից 20 տարի ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Համաձայնագրի շրջանակներում կյանքի կկոչվեն կենսականորեն կարեւոր ավտոմայրուղիների վերանորոգման ($25 մլն), Սոցիալական ներդրումային հիմնադրամի լրացուցիչ ֆինանսավորման ($8 մլն) եւ Փոքր ու միջին ֆերմերային տնտեսությունների զարգացման ծրագրի ($2 մլն) նախագծերը: Չորրորդ ծրագիրը գնահատվում է $50 մլն, այս գումարն ուղղվելու է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ծրագրի ֆինանսավորմանը: Այս նախագիծը Հայաստանում առաջին անգամ ֆինանսավորվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (IBRD, ՀԲ կառույց) կողմից: Վարկը տրամադրվել է 26,5 տարով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: 1992 թվականից ի վեր ՀԲ-ը Հայաստանին հատկացրել է $1,162 մլրդ-ի վարկ: Այսօր իրագործման փուլում են գտնվում ՀԲ-ի $94 մլն-ի 16 ծրագրեր: Tweet Դիտում՝ 13408