Ֆինանսական կրթության ծրագրերը կընդլայնվեն նաեւ երիտասարդական կենտրոններում

01.07.2026 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինանսական գրագիտություն #ԿԳՄՆՍ #ԿԲ

Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասել է, որ վերջին տարիներին ֆինանսական կրթությունը համակարգային կերպով ինտեգրվել է հանրակրթության բովանդակությանը՝ 2–11-րդ դասարաններում դասավանդվող «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Հասարակագիտություն» առարկաների շրջանակում։


«ԿԲ-ի հետ համագործակցության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը կրթական բովանդակության վերանայումն ու ֆինանսական կրթության ծրագրի ինստիտուցիոնալացումն է, որը թիմային համատեղ աշխատանքի արդյունք է։ Փորձել ենք ձեւավորել համակարգային մոտեցում, որպեսզի ֆինանսական կրթությունը դառնա կրթական համակարգի անբաժանելի մասը։ Այս առումով մեր կարեւորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ կարողությունների զարգացումը»,- ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների եւ ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուի հետ հանդիպմանն ասել է Ժաննա Անդրեասյանը:  

Նախարարի խոսքով՝ ֆինանսական կրթության զարգացումը հատկապես կարեւոր է դպրոցական եւ երիտասարդական տարիքում, քանի որ հենց այդ փուլում ձեւավորվող գիտելիքներն ու հմտություններն են հետագայում նպաստում գրագետ ֆինանսական սովորույթների ձեւավորմանը։ Նա անդրադարձել է երիտասարդական կենտրոնների հիմնման պետական ծրագրին՝ նշելով, որ ֆինանսական կրթության ծրագրեր կարող են իրականացվել նաեւ նման կենտրոններում՝ որպես ոչ ֆորմալ կրթություն որեւէ տեղ չսովորող եւ չաշխատող երիտասարդների համար։

Նա նշել է նաեւ, որ ֆինանսական գրագիտությունը կյանքի կարեւորագույն հմտություններից է, որը սերտորեն փոխկապակցված է նաեւ թվային միջավայրում անվտանգ գործելու կարողությունների հետ։ Նա կարեւորվել է ֆինանսական գրագիտության, կիբեռանվտանգության եւ մեդիագրագիտության ոլորտներում իրականացվող աշխատանքների ինտեգրված մոտեցումը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեւավորված երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող աշխատանքի շնորհիվ ֆինանսական կրթությունը դարձել է հանրակրթության բովանդակության կայուն բաղադրիչ։

Ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուն եւս կարեւորել է իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի փորձը ֆինանսական կրթության համակարգային ներդրման եւ տարբեր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության հաջող օրինակ է։
Դիտում՝ 648

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW