Կոնվերս Բանկը եւ ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների եւ կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

26.06.2026 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ԱԶԲ

Կոնվերս Բանկը եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչեւ $15 միլիոնի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը եւ կայուն ներդրումների խթանմանը:


Համագործակցության շրջանակում մինչեւ $13 միլիոնի ֆինանսավորումը կտրամադրի ԱԶԲ-ը, իսկ մինչեւ $2 միլիոնի ֆինանսավորումը՝ Կանադայի կլիմայի ու բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար հիմնադրամը (CANPA)։

Ծրագիրը կաջակցի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով ներդրումները վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության եւ այլ կայուն լուծումների ոլորտներում։ Ֆինանսավորման առնվազն 20%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպաստելով կանանց տնտեսական մասնակցության ընդլայնմանը եւ ձեռնարկատիրական հնարավորությունների զարգացմանը։

Պայմանագիրը Երեւանում ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը եւ ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը։

«Մենք ուրախ ենք համագործակցել Կոնվերս Բանկի եւ Կանադայի կառավարության հետ՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների աճին, կընդլայնի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունները եւ կխթանի կայուն ֆինանսավորման զարգացումը։ 

ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության կարեւոր շարժիչ ուժերից են, սակայն հաճախ բախվում են ֆինանսավորման սահմանափակումների։ Ծրագիրը կօգնի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը եւ բարձրացնել տնտեսության դիմակայունությունը»,- ասել է ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը:

«Մենք բարձր ենք գնահատում ԱԶԲ-ի հետ այս համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը եւ կայուն ներդրումների խթանմանը։ Այս ծրագիրը կարեւոր քայլ է մեր ռազմավարության շրջանակում՝ ուղղված իրական տնտեսության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ փոքր եւ միջին բիզնեսների աջակցությանը եւ կանաչ ֆինանսավորման զարգացմանը։

Միաժամանակ կարեւորում ենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության շարունակական զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները եւ ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում։

Վստահ ենք, որ այս ծրագիրը կունենա շոշափելի ազդեցություն մասնավոր հատվածի աճի եւ ֆինանսական ներառականության վրա»,- նշել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը:

Ստորագրության արարողակարգին ներկա էր նաեւ ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, որը նշել է.

«Այս $2 միլիոնի ներդրումը՝ Կլիմայի եւ բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված հիմնադրամի միջոցով, եւ ԱԶԲ-ի ու Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ, լայն հնարավորություններ է ստեղծում Կանադա–Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Սա Հայաստանում մեր երկրորդ նմանատիպ ծրագիրն է, եւ հույս ունենք, որ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ»։
Դիտում՝ 1508

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW