Հայէկոնոմբանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է խթանել ֆինանսական գրագիտության եւ ընթերցանության մշակույթի հանրայնացումը: Կարեւորելով ազգային արժեքների եւ թումանյանական ժառանգության փոխանցումը սերունդներին՝ Հայէկոնոմբանկը 2026թ. փետրվարին Գիրք նվիրելու օրվա առթիվ մի շարք միջոցառումներ էր իրականացրել: «Նվիրում եմ գիրք գրադարանին» նախաձեռնության շրջանակում բանկի աշխատակիցների կողմից իրականացվել էր գրքերի հավաքագրում՝ սահմանամերձ համայնքային գրադարաններից մեկին նվիրաբերելու նպատակով: Ընտրվել է Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի Համլետ Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ ներկայում 197 աշակերտ է սովորում, իսկ աշխատակիցների քանակը հասնում է 50-ի: Հունիսի 5-ին հավաքագրված գրքերից բացի, դպրոցին փոխանցվել է նաեւ Հայէկոնոմբանկի կողմից ձեռքբերված լրացուցիչ գրականություն, որի կարիքը հատկապես զգացվում է առանձին ուսումնական խմբերի հետ նպատակային ծրագրով ուսուցման ընթացքում:«Ֆինանսական գրագիտության բարձրացումն ու ընթերցանության խրախուսումը Հայէկոնոմբանկի ԿՍՊ ծրագրերի կարեւորագույն ուղղություններից են։ Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ոչ միայն հարստացնել Սարիգյուղի դպրոցականների առօրյան, այլեւ հիմքեր ստեղծել ֆինանսական գրագիտության եւ ընթերցանության մշակույթի զարգացման համար», - նշել է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը: Դպրոցի տնօրեն Մեսրոպ Շահնազարյանը, կարեւորելով նման նախաձեռնությունները, շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության եւ նվիրաբերված գրքերի համար: Դպրոցում նշել են, որ աշակերտները բավական ժամանակ են անցկացնում գրադարանում, եւ նոր ու ժամանակակից գրականության առկայությունը եւս կխթանի ընթերցանությունը դպրոցականների շրջանում: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1710