Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ: Ասոցիացիայից հայտնել են, որ սա «կարեւոր հանգրվան է Հայաստանի հանքարդյունաբերության համար եւ վերահաստատվում է ոլորտի հանձնառությունը պատասխանատու հանքարդյունաբերության, կայուն զարգացման եւ միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան գործունեության նկատմամբ»:«Մեծ պատիվ է Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիային ողջունել ICMM-ում՝ մեր ոլորտի եւ Հայաստանի զարգացման ճանապարհի համար կարեւոր մի ժամանակահատվածում։Հանքանյութերի եւ մետաղների նկատմամբ պահանջարկն աննախադեպ աճում է, եւ միաժամանակ մեծանում են ակնկալիքները, որ դրանք պետք է արտադրվեն պատասխանատու կերպով։ ՀՀՄԱ-ի անդամակցությունը ICMM-ին արտացոլում է չափանիշների բարձրացման եւ էներգետիկ փոխակերպման պահանջները բավարարելու ընդհանուր հանձնառությունը՝ առանց վնասելու համայնքներին կամ բնությանը»,- ասել է ICMM-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ռոհիթեշ (Ռո) Դհավանը:Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշել է, որ ՀՀՄԱ-ի առաքելության առանցքային ուղղություններից է Հայաստանում ժամանակակից, պատասխանատու եւ գլոբալ մրցունակ հանքարդյունաբերության ձեւավորմանը նպաստելը.«ICMM-ի անդամ դառնալը կարեւոր հանգրվան է այդ ճանապարհին։ Այն Հայաստանի հանքարդյունաբերությունը կապում է պատասխանատու հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային առաջատար հարթակի հետ եւ ստեղծում է գիտելիքների փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման եւ միջազգային լավագույն փորձի ներդրման արժեքավոր հնարավորություններ։Մենք հպարտ ենք միանալու մի համայնքի, որը կիսում է ժամանակակից եւ արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերության տեսլականը, եւ ակնկալում ենք թե՛ սովորել համաշխարհային լիդերների փորձից, թե՛ ներկայացնել Հայաստանի փորձը միջազգային մասնագիտական քննարկումներում»։ Tweet Դիտում՝ 1821