ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

12.03.2026 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #կանխիկ գումար
Ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման եւ արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ $69 միլիոնին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ $59.5 միլիոն կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստան, իսկ շուրջ $9.5 միլիոնը՝ արտահանվել երկրից։ Կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ $10000-ը կամ դրան համարժեք գումարը գերազանցող եւ սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:

«Չնայած հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում կանխիկ դրամական միջոցների ներմուծման եւ արտահանման մասով առանձին կարգավորումներ սահմանված չեն, այնուամենայնիվ, կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր»,- ասվում է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է՝ խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից եւ հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ եւ թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։
Դիտում՝ 419

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW