Կազմակերպչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով Ներդրումային եւ ֆինանսական երկրորդ համաժողովը, որի անցկացումը նախատեսված էր 2026 թվականի մարտի 3-ին՝ Երեւանի «Դվին» մյուզիք հոլում, հետաձգվում է։Որոշումն ընդունվել է Մերձավոր Արեւելքում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում, որը կարող է ռիսկեր առաջացնել միջոցառման մասնակիցների անվտանգության տեսանկյունից։ Բացի այդ, տարածաշրջանի մի շարք երկրների հետ միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները դժվարացնում են արտերկրյա բանախոսների եւ պատվիրակությունների ժամանումը։Համաժողովը միջազգային մասնագիտական հարթակ է, որը միավորում է պետական կառույցների, ֆինանսական հատվածի, ներդրումային համայնքի եւ արտասահմանյան գործընկերների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով խթանել մասնագիտական երկխոսությունը եւ քննարկել Հայաստանի դերը համաշխարհային ֆինանսական շուկաների նոր ճարտարապետության մեջ։ Ստեղծված պայմաններում հնարավոր չէ ապահովել հրավիրված բոլոր բանախոսների եւ պատվիրակությունների լիարժեք մասնակցությունը, ինչպես նաեւ միջոցառման բարձր կազմակերպչական չափանիշների պահպանումը։Կազմակերպչական հանձնաժողովը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար եւ շնորհակալություն հայտնում գործընկերներին, մասնակիցներին եւ հրավիրյալներին ըմբռնման համար։Համաժողովի նոր ամսաթվի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Մասնակիցների գրանցումները կպահպանվեն եւ ուժի մեջ կմնան նաեւ նոր ամսաթվի դեպքում։Համաժողովի մասինԱռաջին ներդրումային եւ ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին եւ համախմբել ավելի քան 500 մասնակից։ Freedom Broker Armenia-ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները եւ լայն հանրությունը։ Freedom Broker Armenia-ի մասին Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ապահովում է մուտք տեղական եւ միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային եւ բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաեւ ինքնուրույն առեւտուր առցանց հարթակի միջոցով։Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում եւ Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ եւ ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում: Tweet Դիտում՝ 515