Ինչպես հայտնի է՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։ Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանինն է, եւ Սիմֆոնիկն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։Այս տպավորիչ ու հիշարժան իրադարձությունից առաջ գործընկերներն IDBank-ի հարկի տակ ստորագրել են համագործակցության հուշագիրը։Համագործակցության արդյունքում Հայաստանում կստեղծվի նոր անտառ, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշը։ Անտառտնկման գործընթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ «Անտառ ստեղծելը տասն անգամ ավելի դժվար է, քան՝ տասհարկանի շենք կառուցելը։ Այս համագործակցությունը շատ սիմվոլիկ, բայց շատ լավ գաղափար է, եւ մենք շատ ուրախ ենք այս ամենի մասը կազմելու համար», - նշել է «Իմ անտառ Հայաստան» հասարակական-բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը։Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար սա կարեւոր պահ է՝ իրականություն է դառնում մի գաղափար, որի շուրջ երկար է խորհել․ «Շատ ուրախ եմ, որ իմ շատ լավ ընկերները՝ IDBank-ը եւ Իդրամը, միացան այս գաղափարին, որովհետեւ «Սիմֆոնիկ անտառ» ասվածը շատերի մոտ հարցեր էր առաջացնում, բայց շուտով անտառը կլինի եւ մարդիկ կտեսնեն, թե ինչպես կարող է անտառը սիմֆոնիկ նվագախմբի պատկերով լինել»։««Մի դրամի ուժի» գաղափարն այն է, որ նույնիսկ ամենափոքր մասնակցությունը կարող է մեծ փոփոխություն բերել։ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ ունենք կյանքի կոչված մի քանի հրաշալի համագործակցություն, որոնց արդյունքում Հայաստանում տնկվել է ավելի քան 30 000 ծառ։ Այս անգամ ծառեր ենք տնկելու «Սիմֆոնիկ անտառում»՝ ի նշանավորումն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի։ Շատ ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս չափազանց գեղեցիկ, կարեւոր ու հիշարժան իրադարձության, որովհետեւ «Սիմֆոնիկ անտառը» համատեղում է ոչ միայն բնությունն ու դասական երաժշտությունը, այլ նաեւ հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է միավորել կարեւոր գաղափարներ, որոնց արդյունքում շահելու են մեր սերունդներն ու մեր հայրենի բնությունը»,- ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի համար գաղափարն ինքնին հրաշալի է եւ այն, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ անտառում ավելանալու է շուրջ 6000 ծառ՝ խոսում է ոչ միայն բնապահպանության, այլ նաեւ հանրային պատասխանատվության ու միասնականության կարեւորության մասին․ «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ներդրված դրամ, յուրաքանչյուր տնկված ծառ, յուրաքանչյուր քայլ դեպի կանաչ Հայաստան ունի երկարաժամկետ ազդեցություն»։Հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, ունենալու է համերգ, որի հովանավորը եւս IDBank-ն է։ Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»: Յուրաքանչյուր գնված տոմս դառնալու է առնվազն մեկ ծառ։«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8169