ԱրարատԲանկ եւ «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր

09.09.2025 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«4090 Բարեգործական» հիմնադրամ
ԱրարատԲանկի եւ «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցության շրջանակում տեղի է ունեցել բարեգործական վերելք Արագածոտնի մարզում գտնվող Աղավնո լեռ։ Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին, կրթության միջոցով բարելավել նրանց կյանքի որակը: 

«Աղավնոյի բարձունքը հաղթահարելուց հետո եւս մեկ անգամ կարող ենք ասել, որ դեպի յուրաքանչյուր լեռան գագաթ կա արահետ, որը հովտից տեսանելի չէ։ Կյանքը լուծելի խնդիրների լեռ է, եւ մենք վայելում ենք այն»,- ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը։ 

«ԱրարատԲանկի եւ «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը տարբեր նախագծերի շրջանակում շարունակվում է արդեն երեք տարի, սակայն վերելքներն առանձնահատուկ սպասված են։ Խորհրդանշական է, որ վերելքի գաղափարը երկու կառույցների կարգախոսներում էլ արտահայտված է՝ «Բարձրանում ենք միասին», «Նվաճենք բարձունքը կրթությամբ»»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Մենք անչափ երախտապարտ ենք ԱրարատԲանկին՝ արդեն մի քանի տարի մեր նախաձեռնություններին, այդ թվում՝ բարեգործական վերելքին սատարելու համար։ Դեպի Աղավնո վերելքն ունի ոչ միայն բարեգործական նպատակ, այլեւ հայրենասիրական մեծ խորհուրդ․ ձգտում ենք, որ մեր երիտասարդները եւ համայնքն ավելի շատ սիրեն ու գնահատեն մեր երկիրը, բացահայտեն նրա գեղեցիկ բնությունը եւ վերարժեւորեն կրթության ու պատերազմի մասնակիցների սխրանքի կարեւորությունը»,- նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանը։ 

«Հատկապես այս ծրագրի շրջանակում մեր համագործակցությունը շատ կարեւոր է, որովհետեւ գումարն ուղղվում է քառօրյա, 44-օրյա պատերազմների եւ դրան հաջորդող մարտական գործողությունների մասնակից տղաների կրթավճարներին։ Երկրորդ անգամ էի մասնակցում վերելքին  եւ ակամայից մտածում էի՝ մենք, որ խաղաղ պայմաններում դժվարանում ենք վայրի բնության մեջ, չենք էլ պատկերացնում, թե ինչ ապրումներ են ունեցել տղաները պատերազմի ժամանակ, ինչպես են փորձել պատսպարվել:  Թող վերելքի շրջանակում բարձունքներ հաղթահարելն ու հերոսների ուսմանն աջակցելը լինի մեր փոքրիկ ներդրումը նրանց բարեկեցիկ ապագայում»,- ասել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու Թեմուր Խուդոյանը 44-օրյա պատերազմին 19 տարեկան էր։ Ծանր վիրավորում էր ստացել Մարտունու պաշտպանության մարտերին մասնակցելիս՝ թշնամու ռազմական ինքնաթիռի գրոհի ժամանակ, որից հետո չէր քայլում, չէր խոսում, հաղորդակցվում էր միայն աչքերը թարթելու միջոցով։ Երկար ժամանակ էր պահանջվել, որ խոսի եւ քայլի հենակների միջոցով։ 

«Դեռ 2024-ին տեղյակ էի, որ ԱրարատԲանկի հովանավորությամբ վերելք է լինելու դեպի Արագած, բայց այդ պահին դա անհնար էր ինձ համար»,- ասել է նա։ 

«Այսօր Թեմուրի առաջին արշավը կայացավ, թող որ ձեռնափայտով, թող որ դժվարությամբ, սակայն երջանիկ, ինքնաբավ, հաղթած։

2309 մետր երկրից վեր։ Աղավնոյի բարձրությունը ԱրարատԲանկի եւ «4090 Բարեգործական» հիմնադրամի թիմերը հաղթահարեցին սիրով, թիմային փոխօգնության թանկ պահերով՝ գագաթին ծածանելով մեր եռագույնը»,- ասվում է հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW