Fitch-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշը

19.07.2025 | 08:33 Գլխավոր էջ / Նորություններ /
Fitch Ratings-ը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ:

«BB-» վարկանիշը արտացոլում է հուսալի մակրոտնտեսական քաղաքականությունը եւ տնտեսության ուժեղ աճը: Միեւնույն ժամանակ Fitch-ի փորձագետները նշում են թույլ կողմերը՝ տնտեսության փոքր չափը, բյուջետային բարձր դեֆիցիտը, ֆինանսական ոլորտի բարձր (թեեւ նվազող) դոլարիզացիան եւ աշխարհաքաղաքական ռիսկերը:

Fitch Ratings-ը նշում է, որ 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանում կազմել է տարեկան 5,2%, ինչը պայմանավորված է ֆինանսական ծառայությունների եւ շինարարության ոլորտների ցուցանիշներով՝ պետական կապիտալ ներդրումների շնորհիվ: Միեւնույն ժամանակ արտադրության եւ հանքարդյունաբերության ոլորտների ցուցանիշները տարվա սկզբից նվազել են:

2022-2024 թվականներին Հայաստանում միջին տարեկան աճը կազմել է 8,9%, սակայն Fitch-ի փորձագետները կանխատեսում են աճի դանդաղում՝ մինչեւ 5% 2025 թվականին եւ 4,7% 2026-2027 թվականների համար:

«Ամուլսարի ոսկե հանքը, որը, հավանաբար, կսկսի գործել 2025 թվականի չորրորդ եռամսյակում, կխթանի աճը միջնաժամկետ հեռանկարում»,- նշված է զեկույցում:

Fitch Ratings-ը նշում է, որ Հայաստանից 2024 թվականի մեծ ծավալի վերաարտահանումը (հիմնականում ոսկի եւ գունավոր մետաղներ Ռուսաստանից ԱՄԷ) նվազել է՝ 2025 թվականի հունվար-ապրիլին արտահանումը եւ ներմուծումը նվազել են համապատասխանաբար 60%-ով եւ 50%-ով տարեկան կտրվածքով:

«Խոշոր կապիտալ ծախսերը եւ պաշտպանական ներմուծման կարիքները կավելացնեն առեւտրային դեֆիցիտը, թեեւ 2026 թվականից Ամուլսարի ոսկու արտահանումը մասամբ կփոխհատուցի դա»,- նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում դոլարիզացիան մնում է բարձր (ավանդների 47,6%-ը եւ վարկերի 32%-ը 2025 թվականի մայիսին):

«2025 թվականի հունիսին Հայաստանի կառավարությունը հայտնեց պետական հեղաշրջում կազմակերպելու դավադրության բացահայտման մասին՝ ձերբակալելով եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների եւ ազդեցիկ բիզնեսմենի, որի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունն այնուհետեւ ազգայնացվեց: Fitch-ի գնահատմամբ, կառավարության կայունությունը վտանգված չէ:

2025 թվականի մարտին Ադրբեջանը եւ Հայաստանը հայտնել են խաղաղ համաձայնագրի ձեռքբերման մասին, թեեւ դրա բովանդակությունը եւ ստորագրման ժամկետները անորոշ են մնում: Fitch-ի գնահատմամբ, ռազմական հակամարտության վերսկսումն այս պահին քիչ հավանական է»,- նշված է զեկույցում:
Դիտում՝ 8861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW