Կոնվերս Բանկի ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը որպես խոսնակ մասնակցել է Փողերի լվացման դեմ պայքարի եւ համապատասխանության 16-րդ միջազգային համաժողովին, որը կայացել է 2025 թվականի հունիսի 10-ին Բրատիսլավայում։Բանկից հայտնել են, որ մասնակիցների թվում են եղել ներկայացուցիչներ Բուլղարիայից, Լեհաստանից, Չեխիայից, Հունգարիայից եւ Արեւելյան Եվրոպայի առաջատար բանկերից։Զարուհի Ավակիմյանը որպես բանախոս է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով պանելային քննարկմանը, ինչի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱԲ արագ զարգացման հետեւանքով ֆինանսական հանցագործությունների հակազդման համակարգերում ծագող մարտահրավերներին, ինչպես նաեւ ռիսկերի գնահատմանը եւ կառավարման նոր մոտեցումներին։Զարուհի Ավակիմյանն ընդգծել է, որ Կոնվերս Բանկը ավելի քան մեկ տասնամյակ առաջ հանձնառություն է ստանձնել ներդնել եւ օգտագործել միջազգային լավագույն փորձին համապատասխանող արդյունավետ համակարգեր ֆինանսական հանցագործությունների կանխարգելման եւ պատժամիջոցների պահանջների կատարման համար:«Ֆինանսական հանցագործությունների ռիսկը տարեցտարի աճում է, իսկ 2022 թվականից հետո աճել է նաեւ պատժամիջոցների համապատասխանության ռիսկը, մասնավորապես, պատժամիջոցների բնույթն ու կիրառման մեխանիզմները դարձել են առավել բարդ եւ դինամիկ: Դրանց դեմ արդյունավետ պայքարի համար պահանջվում է ոչ միայն քաղաքականության եւ ներքին կանոնակարգերի սահմանում ու կիրառում, այլեւ ռիսկերի բացահայտում եւ արագ արձագանքում։ Կոնվերս Բանկը պատրաստակամ է շարունակաբար զարգացնելու համակարգերը՝ այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար»,- ասել է նա:Անդրադառնալով հսկողական միջոցառումների եւ տեխնոլոգիական գործիքների կարեւորությանը՝ Զարուհի Ավակիմյանն ասել է․ «Գործարքների մոնիտորինգի եւ վերահսկողության ժամանակակից ծրագրային լուծումների ներդրումը առանցքային նշանակություն ունի համակարգի ճկունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նույնքան կարեւոր է աշխատակիցների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների շարունակական զարգացումը»:Նշվում է, որ համաժողովը կազմակերպվել էր Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի (Banking Association for Central and Eastern Europe – BACEE) եւ Սլովակիայի ազգային բանկի կողմից հիմնադրված Բանկային կրթության ինստիտուտի (Institute of Banking Education of NBS, NPO) նախաձեռնությամբ։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1669