Յունիբանկը դարձել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

30.06.2025 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Ուրարտու»
Յունիբանկը եւ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության պայմանագիրը ստորագրվել է հունիսի 27-ին Ուրարտուի մարզաբազայում, որի համաձայն Յունիբանկը դարձել է թիմի տիտղոսային հովանավորը։

Ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցն ասել է, որ այս համագործակցությունը նոր էջ է բացում ակումբի պատմության մեջ՝ ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար․

«Համագործակցությունը Յունիբանկի հետ կարեւոր քայլ է ակումբի կայուն զարգացման եւ նոր բարձունքների հասնելու ճանապարհին։ Մենք ուրախ ենք աշխատել գործընկերոջ հետ, որը կիսում է մեր արժեքներն ու նպատակները»:

Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն էլ նշել է, որ բանկն այս համագործակցությունը դիտարկում է՝ որպես հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հնարավորություն.

«Մենք ուրախ ենք դառնալ «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Մի ակումբի, որն ունի վառ անհատականություն եւ հավակնոտ նպատակներ։ Հավատացած ենք, որ մեր համագործակցությունը կդառնա ամուր հիմք նոր հաղթանակների եւ ձեռքբերումների համար՝ ինչպես թիմի, այնպես էլ՝ նրա երկրպագուների համար: Յունիբանկը շարունակելու է աջակցել սպորտի զարգացմանը Հայաստանում եւ առողջ ապրելակերպի արժեքների տարածմանը»:

«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է եւ քառակի գավաթակիր։ Թիմը հաջողությամբ հանդես է գալիս ազգային մրցաշարերում եւ պատվով ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ։

Պայմանագրի ստորագրումից հետո Ակադեմիայի փոքրիկ ֆուտբոլիստները Յունիբանկի վարչության նախագահին նվիրել են խորհրդանշական մարզաշապիկ։ Մեսրոպ Հակոբյանը խոստացել է ակումբի խաղերին գնալ հենց այդ մարզաշապիկով, եւ կատակել՝ Յունիբանկի տարբերանշանով խաղաշապիկն ավելի լավն է։

«Յունիբանկի կարգախոսն է «Առողջ ֆինանսներ՝ վստահ ապագա», եւ մենք անկեղծորեն հավատում ենք, որ ֆինանսական բարեկեցությունը սկսվում է կրթության եւ սպորտի մեջ ներդրումներից: «Ուրարտու» ակումբը մեծ նշանակություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Մենք հպարտ ենք մեր գործընկերությամբ եւ ուրախ ենք նպաստել մարզիկների նոր սերունդների զարգացմանը», - ասել է Մեսրոպ Հակոբյանը:

«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանն էլ նշել է, որ ակումբի եւ Յունիբանկի տեսլականները համընկնում են, եւ թիմը միշտ բաց է համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այդ գաղափարները.

«Ինչ վերաբերում է Ակադեմիային, ապա մեր հիմնական նպատակից՝ ֆուտբոլիստներ դաստիարակելուց բացի, նաեւ կարեւոր է, որ առաջին հերթին կարողանանք դաստիարակել լավ մարդ։ Երեխան մեզ մոտ ստանում է ոչ միայն ֆուտբոլային կրթություն, այլեւ՝ այն դաստիարակությունը, որով վաղը կարող է դառնալ մեր երկրի արժանի քաղաքացի»։

Նշվում է, որ առաջին պաշտոնական հանդիպումը հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո կլինի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում՝ բելառուսական «Նեմանի» հետ: Այդ երեկո թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ Յունիբանկի տարբերանշանով։
Դիտում՝ 4750
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW