Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2024 թվականին բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն։ «Շահութաբերությանը նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը, ինչպես նաեւ ցածր վարկային կորուստները։ Զուտ տոկոսային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի հաշվեկշիռների կառուցվածքային փոփոխություններով։ Տնտեսական աճի եւ վարկային շուկայի ակտիվության ընդլայնման պայմաններում վարկային պորտֆելի որակը բարելավվել է։ Վարկավորման որոշակի ոլորտային ուղղություններում ռիսկերի հնարավոր կուտակման եւ անորոշությունների բարձր մակարդակի ներկայիս միջավայրում վարկային ռիսկը շարունակում է գերակա մնալ»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:Նա նշել է, որ մակրո սթրես թեստավորման արդյունքները վկայում են ՀՀ բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման բարձր կարողությունների մասին։ «Ուղղորդիչ սցենարով ենթադրվող զարգացումների պարագայում բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը պահպանվում է բարձր մակարդակում։ Սթրեսային սցենարով ենթադրվող խիստ վատատեսական հիպոթետիկ զարգացումների պարագայում վարկային եւ շուկայական ռիսկերից ածանցվող կորուստները կտրուկ աճում են, սակայն բանկային համակարգը դիտարկվող հորիզոնի ողջ ընթացքում մնում է բավականաչափ կապիտալացված։ Ավելին, բանկային համակարգի կապիտալի պաշարները բավարար են տնտեսության անխոչընդոտ վարկավորման ապահովման համար։ Այնուամենայնիվ, առկա անորոշությունների բարձր մակարդակի պայմաններում մեծ են նաեւ վատատեսական սցենարի, դրա տեւականության եւ ազդեցության չափի վերաբերյալ անորոշությունները»,- մանրամասնել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 1823