Ապագայի փողն ու դրա տնտեսական ազդեցությունը․ կայացել է երրորդ Doing Digital Forum 2025-ը

07.04.2025 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Doing Digital Forum

Երեւանում կայացել է թվային ֆինանսների եւ նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումը՝ Doing Digital Forum 2025-ը, որն անցկացվել է երրորդ տարին անընդմեջ։

Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: Ֆորումը, որը կրում էր «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը, համախմբել էր պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքը կրող փորձագետներին ու կազմակերպություններին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ֆորումի բացման իր ելույթում անդրադարձել է փողի էվոլյուցիային` բարտերով ապրանքներ փոխանակելուց մինչեւ թղթադրամ եւ կրիպտոարժույթ: Նա շեշտել է, որ վստահության եւ արժանահավատության հարցն առավել հրատապ է դառնում թվային արժույթների տարածմանը զուգընթաց:

Մարտին Գալստյանը

«Վերջին մի քանի տարվա ընթացքում կրիպտոակտիվները բավականին մեծ թափ են հավաքել: Եթե կրիպտոարժույթը պահվում է որպես արժեք ձեւավորող միավոր եւ կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց»,-ասել է նա:

Ֆորումի գլխավոր խոսնակն այս տարի աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն էր, ով դասվում է աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսների շարքին, եւ նրա լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Երեւանում նա հանդես է եկել «Յոթ կանխատեսում․ աշխարհը՝ մինչ 2030 թվականը» ելույթով՝ անդրադառնալով ապագայի փողին, բանկային ու ֆինանսական համակարգին։ Նա խոսել է նոր տեխնոլոգիաների, վճարումների, թվային տնտեսություններում մարդկանց փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ապագայի աշխատաշուկայի մասին։

Գերդ Լեոնհարդը

Բացման ելույթում Doing Digital ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանն ասել է.

«Մենք ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում, ես կասեի՝ տեխնոլոգիական ցունամիի ժամանակներում։ Այս զարգացումներն ու ապագայի փողի շրջանառության նոր մոդելները վերափոխում են սոցիալական եւ տնտեսական իրականությունը, եւ վարքագծային կտրուկ փոփոխություններ պահանջում, որին առանց ռազմավարական հաղորդակցության հասնելն ուղղակի անհնար է։ Այս պայմաններում, առավել քան երբեւէ, կարեւորվում է գաղափարակիր առաջնորդների դերը, որոնք խրախուսում են նորարարական մշակույթն ու իրենց թիմերին պատրաստում մեծ փոփոխություններին, որպեսզի նրանք ավելի համարձակ լինեն փորձարկելու, մարտահրավեր նետելու եւ կիրառելու նոր տեխնոլոգիաները»։

Տաթևիկ Սիմոնյանը

Գաղափարակիր ելույթների ու պանելային քննարկումների առանցքում թվային արժույթների, արհեստական բանականության (AI), թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումներն էին, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի եւ գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ է կատարվել փողի պատմությանը՝ բարտերից մինչեւ կրիպտո, թվային արժույթների կարգավորման դաշտի առանձնահատկություններին, առկա կիբերանվտանգության խնդիրներին ու դրանց հաղթահարման մեխանիզմներին։

Համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով` թվային արժույթներն ամբողջությամբ ֆիզիկական փողին չեն փոխարինելու, բայց ապագան կրիպտոարժույթներինն է:

«Թվային արժույթների բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ հայերը ճկուն են, ողջունում են նոր տեխնոլոգիաները եւ հնարավորություն ունեն օգտվել այս փոփոխություններից: Կարծում եմ` այս շրջանն ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների եւ ընդհանրապես փողի պատմության մեջ», - ասել է Հենրի Արսլանյանը:

Հենրի Արսլանյանը

Ֆորումն այս տարի համախմբել է շուրջ 20 խոսնակի Հայաստանից եւ արտերկրից։ Նրանց թվում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Ազգային վճարային համակարգ (Arca)-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր, կրիպտո առաջնորդ Հենրի Արսլանյանը, Ամազոնի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար փորձագետ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը եւ այլք:

2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի եւ 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։

Դիտում՝ 1262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW