ՄՖԿ-ն “Հայէկոնոմբանկին” հատկացրել է $5 մլն

22.01.2009 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ արտաքին առեւտրի ֆինանսավորման նպատակով “Հայէկոնոմբանկին” $5 մլն-ի վարկ է տրամադրել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը՝ հանդես գալով ՄՖԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Ներսես Կարամանուկյանի, Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ ներկայացուցիչ Մայքլ Վայնշթեյնի եւ ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Դավիթ Սուքիասյանն ասել է, որ վարկը նախատեսում է ոչ միայն ակրեդիտիվների թողարկում, այլեւ կանխիկ վարկերի տրամադրում արտահանում եւ ներկրում իրականացնող հայաստանյան ընկերությունների գործարքների ֆինանսավորման նպատակով:

Դավիթ Սուքիասյանը նաեւ հայտնել է “Հայէկոնոմբանկի” կողմից $15 մլն-ի սինդիկացված վարկի, որը տրամադրվել էր բանկին 2007թ. դեկտեմբերի 14-ին ՎԶԵԲ-ի հետ ստորագրված պայմանագրի համաձայն, առաջին տրանշի մարման ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին: “Պայմանագրով նախատեսվում էր, որ ընթացիկ տարվա հունվարի 20-ին “Հայէկոնոմբանկը” պետք է մարի $5 մլն-ի չափով առաջին տրանշը, սակայն, հաշվի առնելով ծրագրի իրականացման հաջող ընթացքը, “Հայէկոնոմբանկի” ու ՎԶԵԲ-ի փոխադարձ համաձայնությամբ տրանշի մարման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2010թ. հունվարի 18-ը”,- ասել է Դավիթ Սուքիասյանը:

ՎԶԵԲ-ից բացի, սինդիկատի մասնակիցներն են գերմանական Commerzbank AG, Bank Austria Creditanstalt AG, Raiffeisen Zentralbank Osterreich AG, State Bank of India, Land Bank of Taiwan եւ FBN Bank (UK) Limited բանկերը: Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշթեյնի խոսքերով, վարկի մարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ վերոնշյալ բանկերի համաձայնությունը վկայում է “Հայէկոնոմբանկի” նկատմամբ նրանց վստահության մասին՝ որպես հուսալի գործընկերոջ:

Մայքլ Վայնշթեյնը նշել է, որ, գնահատելով բանկի ներդրումը միջազգային առեւտրի խթանման գործում, ՎԶԵԲ-ը “Հայէկոնոմբանկը” ճանաչել է 2008 թվականի Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ:

ՄՖԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ներսես Կարամանուկյանը նշել է, որ կորպորացիան “Հայէկոնոմբանկին” օժանդակություն կառաջարկի, ինչպես նաեւ նշել բանկում մասնաբաժին ձեռք բերելու ՄՖԿ-ի պատրաստակամությունը է լրացուցիչ թողարկման մասին որոշում կայացնելու պարագայում:
ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ համագործակցության հարցում “Հայէկոնոմբանկի” ակտիվությունը՝ նշելով նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտում բանկի արհեստավարժությունը:

“Հայէկոնոմբանկի” շահույթը 2008թ. երեք անգամ կրճատվել է

“Հայէկոնոմբանկի” զուտ շահույթը 2008 թվականին կազմել է 460 մլն դրամ՝ 2007թ. համեմատ կրճատվելով 1,34 մլրդ դրամով, այսօր Երեւանում հայտնել է բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նա բացատրել է շահույթի կրճատումը ծախսերի աճով` պայմանավորված ներգրավվող միջոցների թանկացումով, ինչպես նաեւ բանկի իրացվելիության մակարդակի բարձրացմամբ 80-ից մինչեւ 100 տոկոս, “քանի որ, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հնարավոր են դրսից ներգրավվող միջոցների ուշացումներ”:

“Բանկը լավ է կառավարում իր իրացվելիությունը եւ խնդրահարույց վարկեր չունի”,- ասել է Դավիթ Սուքիասյանը:

Նրա խոսքերով, 2008թ. առաջին կիսամյակից սկսած, երբ բանկի ակտիվները կրճատվեցին 20-25 տոկոսով, բանկը ցուցաբերում է բոլոր ցուցանիշների 30-35- տոկոսանոց աճ:

“Չնայած նրան, որ 2008թ. առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդները կրճատվել էին, ողջ տարվա արդյունքներով դրանք ավելացան 50%-ով”,- ասել է Դավիթ Սուքիասյանը:

Դիտում՝ 13393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW