Ադրբեջանում զարգացնում են բաց ֆինանսների ենթակառուցվածքը
18.02.2025 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Reuters

Ադրբեջանի Կենտրոնական բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բաց ֆինանսների ենթակառուցվածքի զարգացմանը։
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Քյազիմովը հայտարարել է.
«Ֆինանսական ներառականությունն առաջնահերթ թեմաներից է ամբողջ աշխարհում, հատկապես զարգացող շուկաներում, այդ թվում՝ Ադրբեջանում։ Մեր երկրում չափահաս բնակչության 70%-ը բանկային հաշիվներ ունի, ինչը նշանակալի ձեռքբերում է կարճ ժամանակահատվածում։ Սակայն որոշ ցուցանիշներ մարտահրավեր են Կենտրոնական բանկի համար, հատկապես դրամավարկային քաղաքականության եւ ֆինանսական կայունության ոլորտում»։
Նա, մասնավորապես, նշել է, որ բանկային ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում է 42%։
«Դա խոսում է այն մասին, որ տնտեսությունում բավականաչափ տարածված չեն բանկային ծառայությունները։ Միեւնույն ժամանակ, դա վկայում է աճի մեծ ներուժի մասին։ Բանկային հատվածը զբաղեցնում է ողջ ֆինանսական համակարգի մոտ 95%։ Դրամավարկային քաղաքականության մյուս մարտահրավերը կանխիկի մեծ մասնաբաժինն է»,- ասել է ԿԲ նախագահը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հատուկ ուշադրություն է դարձնում առաջարկի զարգացմանն ու կարգավորման բարելավմանը։
«Մենք աշխատում ենք ենթակառուցվածքի զարգացման վրա։ Արդեն ներդրվել են ակնթարթային վճարումների եւ բաց բանկային համակարգեր։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը պատասխանատու է բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի շուկաների, վճարային համակարգերի, ինչպես նաեւ ֆինտեխ ոլորտի զարգացման վերահսկողության եւ կարգավորման համար։ Այս մանդատի շրջանակներում մենք կենտրոնացած ենք բաց ֆինանսական ենթակառուցվածքի կառուցման վրա, որը շուկայի բոլոր մասնակիցների համար կապահովի հասանելիություն դեպի բաց բանկինգ, բաց ապահովագրություն, կապիտալի շուկաներ եւ ֆինտեխ: Այս տարի մեկնարկած մեր հիմնական ենթակառուցվածքային նախագծերից մեկը eKYC (հաճախորդների էլեկտրոնային նույնականացում) լուծման ներդրումն է: Այն կհեշտացնի ֆինանսական հատվածի հասանելիությունը, հատկապես ֆինտեխ ստարտափների համար»,- նշել է Քյազիմովը։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: