«Լեգելատա» իրավաբանական եւ հաշվապահական ընկերության գործընկեր Արթուր Բուդուրյանն անդրադարձել է զեղչերին եւ այլ ակցիաներին՝ բարեխիղճ մրցակցության պայմանների եւ ՄՊՀ «մահակից» զերծ մնալու համատեքստում: Տնտեսավարողների կողմից իրականացվող ակցիաների վերաբերյալ միայն 2023թ ուսումնասիրվել է 43 տնտեսավարող սուբյեկտ, ընդհանուր 98 ակցիա՝ ներառյալ տոնական եւ նախատոնական ակցիաներ, 43-ից 38-ի նկատմամբ հարուցվել է վարույթ, որից 37-ի նկատմամբ 2023թ․ ավարտի դրությամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ ընդհանուր 136 093 938 ՀՀ դրամի չափով (ներառված չէ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի տուգանքը, որը կազմել է 433 075 078 դրամ՝ 3 տնտեսվարողի նկատմամբ, եւ առաքման ծառայությունների ոլորտը՝ 8 տնտեսվարողի նկատմամբ՝ ընդհանուր 89 853 063 դրամ): Անբարեխիղճ մրցակցության այլ հատկանիշներով 2023 թ-ին հարուցվել է ընդհանուր առմամբ 107 վարույթ 59 տնտեսավարողի նկատմամբ, որից 71-ով կիրառվել է պատասխանատվության միջոց: 71–ից 58 դեպքում պատասխանատվության միջոցը եղել է տուգանքը, իսկ 13-ը կիրառվել է նախազգուշացման ձեւով: Վարույթների նման քանակը 2018 թվականի գրեթե կրկնակին է: Ընդհանրապես, մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում արդար խաղի կանոններ սահմանելու նկրտումով հայրենի օրենսդիրը սահմանել է ուղենիշային կարգավորումներ զեղչերի եւ գնի փոփոխման հետ չկապված այլ գործողությունների (այսուհետ՝ ակցիաների) իրականացման համար: Այդուհանդերձ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսավարողների մի ստվար հատված ստիպված է խուսանավել ակցիաների իրականացումից՝ նպատակ ունենալով չբախվել ՄՊՀ «մահակին» եւ արդյունքում հայտնվելով մրցակցային ավելի վատ վիճակում․ վերջնաարդյունքում ֆինանսապես տուժում է նաեւ սպառողը:Ակցիաների կանոններՀՀ օրենսդիրը այս պահին կիրառել է ԵՄ կարգավորման համեմատ ավելի «մեղմ» մոտեցում, մասնավորապես՝ հնարավորություն տալով զեղչերի դեպքում զեղչը կիրառել ոչ թե նախորդող մեկամսյա ժամկետի ամենացածր գնի, այլ՝ նշված ժամանակահատվածի ապրանքների եւ/կամ ծառայությունների մատուցման առաջարկվող միջին գնի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ակցիաների կարգավորմանը վերաբերող փոփոխությունները զեղչերի մասով հանգում են հետեւյալ կանոնների.1. Գովազդը պետք է լինի թափանցիկ եւ արժանահավատ,2. Իրականությունը խեղաթյուրող գործողությունների արգելք,3. Թաքնված պայմանների անթույլատրելիություն,4. Արհեստական ակցիաների անթույլատրելիություն:Առկա խնդիրներից մի քանիսըՉթերագնահատելով ՄՊՀ իրազեկման ջանքերը՝ ընդգծենք, որ պրակտիկայում դեռեւս կան որոշակի հարցեր, որոնք խոչընդոտներ են ստեղծում բարեխիղճ տնտեսավարողների համար․ դրանցից մի ստվար զանգված հանգում է իրավական նորմի ոչ հստակությանը, օրենդրական նորմի անկանխատեսելի մեկնաբանությունը, մեկնաբանության արդյունքում տնտեսավարողի համար լրացուցիչ բեռի սահմանմանը, նորմի իրավիճակային կիրառության տարբերություններին: Հատկանշական է, որ, ի թիվս այլոց, վերոնշյալ իրավական թերացումները եւ ոչ հստակությունները հանգեցնում են մի իրավիճակի, երբ Հանձնաժողովը, քննելով ենթադրյալ իրավախախտումը, պետք է ինքնուրույն տա հարցերի պատասխանները՝ մեկնաբանելով իրավական նորմը: Նման իրավիճակը տնտեսավարողների համար ակնհայտ անկանխատեսելիությունից բացի պարունակում է նաեւ լրացուցիչ ռիսկ առ այն, որ Հանձնաժողովը կաշկանդված չէ իր կողմից կիրառված մոտեցումը մեկ այլ գործով կիրառելու համար, ինչն իր հերթին ինքնին խնդրահարույց է վարչարարության միատեսակության համատեքստում:Ավելին՝ այսօր շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունման արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառնությունների եւ իրավունքների շարքում ավելանալու է նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության հստակ ֆունկցիա, որի արդյունքում էլ ավելի անհավասար պայմաններ կարող են ստեղծվել տնտեսավարողների համար: Բանն այն է, որ, որպես մրցակցության պաշտպանության մարմին, Հանձնաժողովն օժտված է բավականին լայն իրավունքներով, սակայն, եթե նման իրավունքները գործածվում են նաեւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու ինչ–որ պահի զուտ ընտրություն կատարել՝ մրցակիցների հետ մրցակցե՞լ, թե՞ պաշտպանել սպառողների շահերը՝ հաճախ դրանք գերադասելով ձեռնարկատիրական շահերից:Այդուհանդերձ, արդարության համար անհրաժեշտ է ընդգծել, որ տնտեսավարողների շրջանում համատարած օրենսդրական պահանջների պատշաճ պահպանությունը կարող է հանգեցնել վերոնշյալ խնդիրների գործընկերային հարթակում կամ առնվազն հնարավորինս նվազ սանկցիաներով կամ դրանց բացակայությամբ լուծման: Նման գործընկերային, ինչպես նաեւ մեկնաբանողական եւ իրավական պայքարի արդյունքում լուծումների հասնելու համար էլ անհրաժեշտ է պատշաճ եւ պրոֆեսիոնալ խորհրդատվությունների իրականացում, տնտեսավարողների կողմից իրենց սպառնացող ռիսկերի նախնական գնահատում եւ դրանց կանխարգելում, իրավական տեսանկյունից ճիշտ մեխանիզմների ներդնում եւ այլն: Tweet Դիտում՝ 2348