Նախորդ տարեվերջին Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի հետ զրուցել էինք թվային փոխակերպման հրամայականի, այդ առումով բանկի անելիքների, մարտահրավերների, ծրագրերի ու ակնկալվող արդյունքների մասին: Ի՞նչ փուլում են դրանք, ի՞նչ արդյունքներ է գրանցել բանկը եւ դեպի ո՞ւր է շարժվելու 2025-ին՝ այս հարցերի պատասխանները ներկայացրել է Անդրանիկ Գրիգորյանը: - Պարոն Գրիգորյան, Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում, նախանշելով Կոնվերս Բանկի 2024թ․ գործունեության հիմնական ուղղությունները, առանձնացրել էիք թվային փոխակերպումը: Ըստ որում, ոչ միայն պրոդուկտների ու ծառայությունների, այլեւ դրանց հիմքում ընկած գործընթացների, հոսքագծերի թվայնացումը: - Թվային փոխակերպումը չդադարող, անընդհատ գործընթաց է, որի հիմնական պատվիրատուն հաճախորդն է։ Ամեն օր եւ ամեն ժամ հաճախորդը ձեւավորում է թվայնացված ծառայություններ ստանալու նոր պահանջներ՝ նպատակ ունենալով արագացնելու գործընթացները, օգտվելու ավանդական բանկային ծառայություններից առցանց՝ առանց բանկ ֆիզիկապես հաճախելու: Հենց սա է թվային փոխակերպման հրամայականը։ Կոնվերս Բանկի հաճախորդների հենց այս պահանջները բավարարելու համար մենք անցնում ենք թվայնացման մեր ճանապարհը եւ կարող ենք փաստել, որ տարին ամփոփելու այս հանգրվանում ունենք տպավորիչ արդյունքներ։ Արդյունքներից ամենատպավորիչը մանրածախ պրոդուկտներին առնչվող գործարքների թվայնացման բարձր մակարդակն է եւ այն, որ գործարքների 80%-ն իրականացվել է Converse Mobile հավելվածով։ Լինեն դրանք ամենօրյա տարատեսակ վճարումներ, վարկի սպասարկում, պետական վճարներ, ավանդի ներդրում կամ օրինակ՝ Կոնվերս Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գնում։ Բանկի թողարկած վերջին պարտատոմսերի եւ՛ դրամային, եւ՛ արտարժութային ողջ ծավալի գրեթե 85%-ը տեղաբաշխվել է հենց Converse Mobile հավելվածով։ Սա մեզ համար չափազանց կարեւոր ցուցանիշ է, որին հասել ենք նախ եւ առաջ մեր ներքին համակարգերի, պրոցեսների թվայնացման շնորհիվ։ - Որո՞նք են այն համակարգերը, որ արդեն իսկ ներդրվել եւ գործարկվել են։- Դեռեւս նախորդ տարի ներդրեցինք online onboarding համակարգը, որը հնարավորություն տվեց Converse Mobile հավելվածով անցնել առցանց նույնականացում եւ դառնալ Կոնվերս Բանկի հաճախորդ ինչպես ռեզիդենտներին, այնպես էլ ոչ ռեզիդենտներին։ Այս համակարգի շնորհիվ, առանց բանկ այցելելու, դառնալով բանկի հաճախորդ՝ նրանք հնարավորություն են ստանում բացել հաշիվներ, կատարել գործարքներ, պատվիրել եւ ստանալ ինչպես թվային, այնպես էլ ֆիզիկական բանկային քարտեր, ներդնել ավանդներ եւ ստանալ վարկեր։ Ըստ որում, վարկավորման արագության, անվտանգության եւ օբյեկտիվության ապահովման նպատակով այս ամենին զուգահեռ մշակել եւ գործարկել ենք որոշումների կայացման ավտոմատ հոսքագիծ:Մյուս կարեւոր նորամուծությունը, որն արդեն իսկ ներդրվել է բանկում, հիփոթեքային վարկավորման գործընթացի ավտոմատացումն է, ինչը բանկին եւ հաճախորդին հնարավորություն է տալու հիփոթեքային վարկավորման գործընթացն իրականացնել ավելի արագ՝ վարկառուի համար բացառելով ավելորդ անգամ բանկ այցելելը։ Նոր թվային առաջարկներ են գործարկվել նաեւ բիզնեսի համար: Մասնավորապես, գործարկել ենք արտարժույթի փոխարկման Convers Markets հարթակը, որն իր ձեւով եւ բովանդակությամբ նախադեպը չունի հայկական շուկայում եւ հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ եւ կայացնել արդյունավետ որոշում:Նույն հարթակում հնարավոր է նաեւ կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:Ներդրվել է նաեւ բիզնեսի վարկավորման հարթակը, որը հնարավորություն է տալիս փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկավորման դիմել առցանց, իսկ բանկ այցելել միայն նախահաստատումից հետո՝ հավելյալ փաստաթղթերի ներկայացման կամ պայմանագրի ստորագրման համար: Հարթակում այսօր ներկայացված են ամենապահանջված վարկատեսակները, դրանց ցանկն աստիճանաբար ընդլայնվում է:Թե մանրածախ, թե կորպորատիվ հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառության տրամադրման, նրանց հետ շուրջօրյա, արդյունավետ կապի ապահովման տեսանկյունից կարեւոր եմ համարում նաեւ հաճախորդների բարձրակարգ սպասարկումը 24/7 ռեժիմով:- Բանկերը հաճախ են խոսում ոչ միայն պրոդուկտ ու ծառայություն, այլեւ ֆինանսական փորձառություն «վաճառելու» մասին: Կոնվերս Բանկն ինչպիսի՞ փորձառություն է տրամադրում իր հաճախորդներին, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է այն փորձառությունը, որին ձգտում եք:- Մեր նպատակն է հաճախորդների համար ձեւավորել ֆինանսական ծառայությունների մատուցման հարմարավետ միջավայր, որտեղ հաճախորդները չեն մտածի բանկի մասին եւ նույնիսկ չեն նկատի, որ առանց շեղվելու առօրյայից՝ վայրկյանների ընթացքում սմարթֆոնով իրականացնում են բանկային գործառնություններ, որոնց համար ժամանակին հերթագրվում էին, այցելում բանկ, փաստաթղթեր լրացնում, ստորագրում եւ այլն։ Կարող եմ առանձնացնել Կոնվերս Բանկի C360 հարթակը, որով հաճախորդին առաջարկում ենք նոր մոտեցում ֆինանսների կառավարմանը՝ տրամադրելով լայն ընդգրկմամբ բանկինգ բաժանորդագրությամբ: Հաճախ սպառողը կարող է մոլորվել բանկային պրոդուկտների բազմազանության մեջ․ մեր հաշվի փաթեթները կազմված են հաճախորդների պահանջների հետազոտության, ինչպես նաեւ սպառողական վարքագծի ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում, եւ առաջարկում ենք փաթեթների մի քանի տարբերակ՝ նախատեսված տարբեր սեգմենտների ու տարբեր նախասիրություններով հաճախորդների համար: Ունենք փաթեթ, որի շրջանակում առաջարկում են միայն թվային քարտեր, ունենք փաթեթներ, որոնց շրջանակում նրանք կարող են օգտվել հավելյալ հնարավորություններից՝ ճամփորդության ապահովագրություն, պահատուփերի վարձակալման հնարավորություն զեղչված սակագնով եւ այլն:Մեր տեսլականն է հաճախորդների համար լինել ոչ թե զուտ բանկ, այլ՝ ֆինանսական վստահելի ուղեկից, եւ հաճախորդները մասնաճյուղեր այցելեն ոչ թե բանկային գործարքներ իրականացնելու, այլ բացառապես ֆինանսական խորհրդատվություն ստանալու նպատակով։- Ի՞նչ ցուցանիշներով ու նվաճումներով է ամփոփում Կոնվերս Բանկը 2024-ը:- Ամփոփման թվային արդյունքների մասին ավելի հստակ կարող ենք խոսել ամիսներ անց, բայց իմ պատկերացմամբ, կարեւոր նվաճումը մեզ համար մեր իսկ կողմից սահմանված նպատակների իրագործումն էր, որի համար ինչպես նախորդող տարիներին, 2024-ին էլ աշխատել ենք՝ ներդնելով մեր առավելագույն ջանքը մեր հաճախորդների օրվա եւ ապագայում ձեւավորվող պահանջները կանխորոշելու եւ բավարարելու համար։ Եվ այդ աշխատանքների արդյունքում բանկը ներառվել է ՎԶԵԲ հաստատող բանկերի ցանկում, սկսել ենք համագործակցություն IFC-ի հետ: Ոչ պակաս կարեւոր է, որ դարձել ենք տարածաշրջանում միակ բանկը, որ միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին, իսկ ավելի վաղ դարձել էինք UN Global Compact նախաձեռնության մասնակից: - Ինչի՞ն է միտված լինելու բանկի գործունեությունը հաջորդ տարի:- Մենք շարունակելու ենք զարգացնել մեր ներքին թվայնացման ենթակառուցվածքները հաճախորդներին անվտանգ բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար, առաջարկելու ենք նոր պրոդուկտներ՝ բարելավելով գործողները, որպեսզի հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելը լինի առավելագույն հարմարավետ, անվտանգ, ոչ ժամանակատար, նույնիսկ՝ հաճելի։ Օգտվելով հնարավորությունից՝ շնորհավորում եմ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ, որ 2025-ը լինի նոր հնարավորությունների, ձեռքբերումների ու վերելքի տարի։ Tweet Դիտում՝ 6622