«ՏաԹեւեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում

25.11.2024 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՏաԹեւեր #World Travel Awards 2024
«ՏաԹեւեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի եւս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:

Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին եւ ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 եւ 2023 թ.-ին։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։

«Արդեն երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է՝ Հայաստանում ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զագացմանը, մյուս կողմից երկրի հյուրերին ներկայացնում է այն հոգեւոր ու մշակութային հսկայական ժառանգությունը, որն ունի հայ ժողովուրդը:

Երկրորդ տարին է, որ հայրս հնարավորություն չունի անձամբ ստանալ այս մրցանակն ու շարունակել իր բարեգործական ու մարդասիրական ծրագրերը, քանի որ շինծու մեղադրանքով ապօրինի պահվում է Բաքվի բանտում: Հպարտ եմ, որ նրա ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը: Վստահ եմ, որ նա դեռ շատ նոր նախագծեր կիրականացնի»,-ասել է «Տաթեւեր» ճոպանուղու ծրագիրն իրականացրած Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:

«Տաթեւեր» ճոպանուղու տնօրեն Մարիա Բուտենկոն ընդգծել է մրցանակի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։ «World Travel Awards-ում հաղթելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի այս ծրագիրը ճիշտ էր մտածված, լիովին ծառայում է իր նպատակին եւ շարունակում է ու շարունակելու է օգուտ բերել Հայաստանին: «Տաթեւեր»-ն, անկասկած, ավելացնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Մեր հիմնական նպատակն է հյուրերին լավագույնս ներկայացնել Հայաստանը՝ հատկապես նրա զարմանահրաշ հարավային շրջանը, եւ նրանց իսկապես անմոռանալի փորձ մատուցել: Հույս ունենք, որ այս հաղթանակը բազմաթիվ նոր հյուրերի կբերի Հայաստանի հարավ եւ նրանց առջեւ կբացի Տաթեւի մշակութային եւ բնական հարստությունները»,- նշել է նա։

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: 
Դիտում՝ 1170
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW