«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության հրավերով Հայաստանում գտնվող բարդ ինժեներական կոնստրուկցիաների նախագծման ոլորտի համաշխարհային բացարձակ առաջատար անգլիական «Առուպ» ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում:«Առուպ»-ի գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը և Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան, «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը և նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կոնստանտին Ավկսենտևը հանդիպել են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանի հետ։Հանդիպման նպատակն էր քննարկել բարդ ինժեներական կոնստրուկցիաների մշակման և սեյսմակայուն նախագծերի իրականացման համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունները, հեղինակավոր ընկերության հետ համագործակցության հեռանկարները։«Առուպ» ընկերությունը ներկայումս մշակում է «Ռենշին» ընկերության «Սքայլայն» նախագծի կոնստրուկցիաները՝ առաջին անգամ մեր երկրում կիրառելով ժամանակակից ինժեներական պրակտիկան՝ բարձրահարկ շենքերի կառուցման ընթացքում։Եղիազար Վարդանյանը, կարևորելով նման մասշտաբի նախագծերի իրականացումը, ընդգծեց եվրոպական քաղաքաշինական ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը՝ ի լրումն Հայաստանում ներկայումս կիրառվողների։ «Հայաստանում իրականացվող նախագծում ձեր ներգրավմամբ և միջազգային ահռելի փորձառությունը Հայաստանում ներկայացնելով՝ մեր երկրի քաղաքաշինության ոլորտը կզարգանա։ Նաև հույս ենք հայտնում, որ այս բարդ, հետաքրքիր ու միևնույն ժամանակ կենսական կարևորություն ունեցող ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա՝ հատկապես երիտասարդների և ապագա պրոֆեսիոնալների շրջանում», - ասել է նա:Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև մատնանշել է երիտասարդներին լավագույն գիտելիքը փոխանցելու անհրաժեշտությունը։«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ներգրավված ենք այսպիսի մասշտաբային և տպավորիչ նախագծում։ Ուրախ ենք, որ մեր գործունեության արդյունքում կարողանալու ենք Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը՝ սեյսմակայուն և բարդ ինժեներական նախագծերի իրականացման հարցում։ Ուրախ ենք նաև, որ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն ևս հետաքրքրված է քաղաքաշինության լավագույն ստանդարտների ներդրման հարցով»,- ասել է «Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը։««Առուպ» ընկերության տարբեր պրոֆեսիոնալներ ներգրավված են եվրոպական մի շարք երկրներում քաղաքաշինության ստանդարտների մշակման ու կատարելագործման պետական ինստիտուտների աշխատանքներում ՝ որպես խորհրդի անդամ։ Այնպես որ, մեր ընկերությունում արդեն իսկ առկա է առաջարկվող համագործակցության նմանատիպ փորձ։ Մենք ևս ուրախ կլինենք մասնակցել Հայաստանում նոր ու լավագույն ստանդարտների ներդրմանը»,- նշել է «Առուպ» ընկերության Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան, որը նաև մի շարք աշխարհահռչակ բազմահարկ նախագծերի կոնստրուկտորն է։«Ուրախ ենք, որ նմանատիպ նախագծերի միջոցով կարողանում ենք Հայաստան բերել ոչ միայն նոր ստանդարտներ, այլ նաև մեր միջազգային գործընկերների և Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորություն ստեղծել»,- ասել է «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս հանդիպումներ կազմակերպել՝ եվրոպական ստանդարտների՝ Հայաստանում ներդրման գործընթացն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու, համագործակցության տարբեր ուղղությունները զարգացնելու նպատակով։ Առաջիկայում նաև կկնքվի համագործակցության հուշագիր՝ անգլիական ընկերության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջև։ Tweet Դիտում՝ 1362