OPEC միջազգային զարգացման հիմնադրամը Evocabank-ի հետ ստորագրել է $10 միլիոնի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) օժանդակմանը: Վարկային միջոցները կտրամադրվեն հիմնականում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու նպատակով էներգաարդյունավետ եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար:OPEC հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆան նշել է, որ Evocabank-ի հետ իրենց գործակցությունը հնարավորություն է տալիս լուծել զարգացման համար երկու առաջնահերթ խնդիր.«Ֆինանսական միջոցներն ավելի հասանելի դարձնել ՄՓՄՁ-ների, հատկապես այն բիզնեսների համար, որոնք բավարար կերպով չեն օգտվում ֆինանսական ծառայություններից, ինչպես նաեւ օժանդակել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Հայաստանի ջանքերի իրականացմանը: Այս համագործակցությունն արտացոլում է մեր ավելի լայն հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում կայուն զարգացմանը եւ համակողմանի աճին»:OPEC հիմնադրամի վարկային միջոցները կտրամադրվեն տեղական ընկերություններին, որոնք ներկայացնում են գրեթե բոլոր հայաստանյան բիզնեսները եւ ապահովում աշխատատեղերի մոտ 70%-ը: «Չնայած նրան, որ այդ ընկերությունները տնտեսության մեջ կարեւորագույն դեր են կատարում, շատ ՄՓՄՁ-ներ, հատկապես այն ընկերությունները, որոնք ղեկավարվում են կանանց կողմից, հաճախ վարկային սահմանափակումների առաջ են կանգնում, եւ դրանց շուրջ երեք քառորդը մասամբ կամ ամբողջովին չի կարողանում օգտվել անհրաժեշտ վարկային միջոցներից»,- ասվում է հաղորդագրությունում:«Մենք ուրախ ենք հայտարարել OPEC միջազգային զարգացման հիմնադրամի հետ մեր համագործակցության մասին: $10 միլիոն վարկային միջոցներով Evocabank-ը զգալի ազդեցություն կունենա Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման վրա: Այս վարկային միջոցները հնարավորություն կտան իրականացնել բիզնեսի զարգացման եւ տարածաշրջանում տնտեսական առաջընթացին նպաստելու մեր տեսլականը: Մենք պատրաստ ենք առաջարկել անհատական պայմաններով ֆինանսական լուծումներ, որոնք կօգնեն ՄՓՄՁ-ներին հաղթահարել խնդիրները, ներդնել նորարարություններ եւ ընդլայնել իրենց գործունեության շրջանակը»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:Նշվում է, որ OPEC հիմնադրամի կողմից Հայաստանին օժանդակումը սկիզբ է առել 2004 թվականից, եւ մինչ օրս տրամադրվել է շուրջ $300 միլիոն` պետական եւ մասնավոր հատվածների ֆինանսավորման, ֆինանսական կազմակերպություններին օժանդակման, ՓՄՁ-ների, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ էներգետիկայի ոլորտների զարգացման նպատակով: Tweet Դիտում՝ 6819