ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առեւտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

23.07.2024 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Ամերիաբանկ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առեւտրի ֆինանսավորման համար։

Բանկից հայտնել են, որ սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին եւ առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի եւ ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առեւտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին եւ առաջարկելու կայուն եւ տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։

Ըստ կնքված համաձայնագրի, ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ դրամով առեւտրի ֆինանսավորման գործարքներին՝ Ամերիաբանկի կողմից ֆինանսավորվող ներկրողների եւ արտահանողների համար նվազեցնելով արտարժութային ռիսկերը եւ բարձրացնելով ֆինանսական կանխատեսելիությունը։ Համատեղելով իրենց փորձն ու ռեսուրսները՝ ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկը նպատակ ունեն խթանել Հայաստանի տնտեսական աճը եւ կայունությունը տարածաշրջանում:

«Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Ամերիաբանկը հայաստանյան շուկայում առեւտրի ֆինանսավորման նոր հնարավորություններ եւ լուծումներ է առաջարկում: ՎԶԵԲ-ի անգնահատելի աջակցությունը, գործիքների եւ ռեսուրսների լայն շրջանակը մեծապես նպաստել են միջազգային առեւտրի խթանմանը։ Այժմ մենք հպարտ ենք լինել առաջինը Հայաստանում, որ ստորագրել է վերականգնվող վարկային գծի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին այս համաձայնագիրը: Այն մեզ հնարավորություն է տալիս հայկական դրամով միջոցներ ներգրավել տեղական արտահանողների եւ ներմուծողների բիզնեսը խթանելու համար: Սա ավելի քան համահունչ է Հայաստանի տնտեսության մեջ շարունակական ներդրումներ կատարելու մեր ռազմավարությանը», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Մենք շատ ուրախ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանում մեր վաղեմի գործընկերներից մեկի՝ Ամերիաբանկի հետ, որի բաժնետիրական կազմում մենք վերջերս վերահաստատեցինք մեր հանձնառությունը: ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրի շրջանակում հայկական դրամով կնքված այս նոր համաձայնագիրը կօգնի տեղական ձեռնարկություններին էլ ավելի մեծ հաջողությամբ զբաղվել միջազգային առեւտրով` չենթարկվելով արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի: Կարծում ենք, որ դա մեծ օգուտ կբերի տեղական ձեռնարկություններին եւ կնպաստի տարածաշրջանում առեւտրային գործունեության ակտիվացմանը», - ասել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը:
Դիտում՝ 9317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW