ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտնել է, որ 2023 թվականին ֆինանսական համակարգի բոլոր հատվածներում արձանագրվել է ակտիվների աճ եւ ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բնականոն ընթացքը:«Բանկային համակարգի ակտիվները կազմել են ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը՝ մոտ 83%: Բանկային ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 9,2 տրլն դրամ: Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ՝ ինչի արդյունքում վարկերի աճի տեմպը տարեվերջին կազմել է շուրջ 21%:Բանկային համակարգի ավանդային պորտֆելի աճը կազմել է 9,2%: Ավանդների աճը պայմանավորված է ՀՀ ռեզիդենտների ավանդների աճով, որոնք տարվա ընթացքում աճել են շուրջ 18%-ով: Վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման գրեթե բոլոր ուղղություններով: Այն հավասարապես պայմանավորվել է տնային տնտեսություններին եւ բիզնեսներին տրված վարկերի աճով: Սպառողական, գյուղատնտեսական եւ բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել է 20-21% աճ: Չնայած բազայի էֆեկտով պայմանավորված՝ հիպոթեքային վարկերի տարեկան աճի տեմպը որոշակիորեն նվազել է, բայց շարունակում է մնալ բավականին բարձր մակարդակի վրա. աճի տեմպը տարվա համար կազմել է շուրջ 28%»,- ներկայացրել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ տնտեսական աճի պայմաններում վարկային ներդրումների աճն ուղեկցվել է նաեւ վարկային պորտֆելի որակի բարելավմամբ եւ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է մնալ ցածր:Ինչ վերաբերում է բանկային համակարգի շահութաբերությանը՝ Մարտին Գալստյանն ասել է. «2023 թվականի վերջին այն որոշակի նվազել է՝ հիմնականում պայմանավորված մի քանի բանկերի կողմից մի գործոնով պայմանավորված խոշոր դուրսգրումներով: Ողջ տարվա ընթացքում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները դրսեւորել են հարաբերական կայուն միտումներ: Ի տարբերություն 2022 թվականի՝ 2023 թվականին շահութաբերության աճին առավելապես նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը: Վերջինս համաշխարհային եւ ներքին շուկաներում տոկոսադրույքների համեմատաբար բարձր մակարդակի, ինչպես նաեւ բանկերի վարկային պորտֆելի դրամայնացման արդյունք է»:ԿԲ նախագահը հայտնել է նաեւ, որ «բանկային համակարգի կապիտալի համարժեքության եւ իրացվելիության ցուցանիշները տարվա ընթացքում պահպանվել են կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափերից էապես բարձր մակարդակներում, ինչը վկայում է բանկային համակարգի կողմից կորուստները կլանելու բարձր ունակության մասին»:Անդրադառնալով ֆինանսական կայունության հիմնական ռիսկերին՝ Մարտի Գալստյանը նշել է. «Կան երկու խումբ ռիսկեր: Առաջինը՝ աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում հնարավոր էսկալացիաների ռիսկերն են: Երկրորդը՝ հիպոթեքային վարկերի եւ անշարժ գույքի գների շարունակական բարձր աճի պահպանումը: Վարկային ռեգիստրի միկրոտվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մեկից ավելի հիպոթեքային վարկ ունեցողների կշիռը 2017-18 թվականներից սկսած աճել է եւ 2023 թվականի վերջի դրությամբ ընդհանուր պորտֆելում կազմել մոտ 14%»:ԿԲ նախագահն ասել է, որ բանկային համակարգի համար իրականացված մակրոսթրես թեստավորման ամփոփ արդյունքները վկայում են, որ նույնիսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում համակարգն ունակ է կլանել հնարավոր կորուստները՝ պահպանելով ֆինանսական միջնորդության անընդհատությունը:«Այնուամենայնիվ, կան նաեւ աճող անորոշություններ, որոնցով պայմանավորված համակարգային ցիկլային ռիսկերի նյութականացման հավանականությունը բարձր է գնահատվում եւ այս պարագայում ԿԲ-ն կարեւորում է առեւտրային բանկերի կողմից իրենց հաշվեկշռի, կապիտալի ռիսկերի եւ այլ խնդիրների խելամիտ մոտեցումների կիրառում: Աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների միջավայրում ԿԲ-ն՝ կարեւորելով համակարգային ռիսկերի կառավարման ապագային միտված մոտեցումը՝ 2023 թվականի ընթացքում բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը 0,5 տոկոսային կետով՝ 2023-ի օգոստոսից այն սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1,5%-ի չափով: Սա նպատակ ունի բարձրացնելու բանկային համակարգի ամրության պաշարները, նաեւ որոշակիորեն կանխելու հնարավոր ռիսկերի կուտակումը մեր համակարգում»,- նշել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 2441