Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առեւտրի ֆինանսավորման ոլորտում: Բանկից հայտնել են, որ առեւտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները եւ պարգեւատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարեւորել է «կանաչ տեխնոլոգիաների ոլորտում առեւտուրը խթանելու եւ դեպի կանաչ տնտեսություն անցմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում Ամերիաբանկի ակնառու ներդրումը»:Ավելի վաղ Ամերիաբանկն արժանացել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում Կովկասյան տարածաշրջանում ակնառու թողարկող բանկ» մրցանակին Բարսելոնայում կայացած Համաշխարհային առեւտրային գործընկերների ժողովում, որը միավորել էր միջազգային առեւտրի ֆինանսավորման ոլորտի ավելի քան 300 ներկայացուցչի։ «Այս մրցանակները վկայում են միջազգային առեւտրի ֆինանսավորման մեջ մեր ներգրավվածության աճի մասին, ընդգծում միջազգային ֆինանսական հաստատությունների եւ գործընկեր բանկերի աջակցությամբ կանաչ ֆինանսավորման նախաձեռնություններ իրականացնելու գործում մեր գործընկերային կապերի ընդլայնումը: Մենք կշարունակենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի ռեսուրսաարդյունավետ եւ էկոլոգիապես կայուն ապագայի կառուցման գործում եւ երախտապարտ ենք մեր գործընկերներին այս ճանապարհին մեզ աջակցելու համար»,- նշել է Ամերիաբանկի Առեւտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:Նշվում է, որ Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013թ.-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրի շրջանակում: 2022թ-ից Ամերիաբանկն առաջին եւ միակ հայկական բանկն է, որն ունի հաստատող բանկի կարգավիճակ նաեւ ՄՖԿ-ի Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում: Tweet Դիտում՝ 6859