ՀՀ-ում առաջին անգամ անցկացվող «Ոզնի» Ֆինանսական գրագիտության մրցաշարի հաղթող թիմերն են «Գնարբուկ»-ը (Սիսիանի ավագ դպրոց), «Կալիստո»-ն (Վանաձորի պետական համալսարանի քոլեջ) եւ «Ֆին-ՆԷՄ»-ը (Նոյեմբերյանի ավագ դպրոց). նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ եւ 3-րդ պատվավոր հորիզոնականները: Նախատեսված լինելով 10-12-րդ դասարաններում սովորողների համար՝ մրցաշարը հասցրել է մեծ հետարքրքություն առաջացնել պատանիների շրջանում եւ իր շուրջը համախմբել տնտեսագիտական եւ բնագիտամաթեմատիկական առարկաներով հետաքրքրվողներին: Մրցաշարի առաջին փուլի առցանց մրցույթից հետո եզրափակիչ փուլ է անցել 10 թիմ՝ ՀՀ տարբեր մարզերից եւ Երեւանից: Եզրափակիչ փուլի հիշարժան խաղի արդյունքում, որի ընթացքում պատանիները լուծում էին իրավիճակային խնդիրներ եւ ներկայացնում լուծումները, ժյուրին ընտրել է 1-ին, 2-րդ եւ 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնողներին: «Մրցաշարի նպատակն է օգնել աշակերտներին ձեռք բերել եւ զարգացնել ֆինանսական ոլորտի գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի ինքնավստահ եւ պաշտպանված լինել ֆինանսական ծառայություններից օգտվելիս։ Մրցաշարը խթանում է նաեւ ֆինանսական կրթության նկատմամբ հետաքրքրվածության բարձրացմանն՝ ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում։Մրցաշարի հիմքում հանրակրթական չորս առարկաներում ինտեգրված ֆինանսական բաղադրիչի բովանդակությունն է, որն ըստ պետական նոր չափորոշիչների պարտադիր պայման է»,- ասված է հաղորդագրությունում:«Ոզնի» Ֆինանսական գրագիտության մրցաշարն իրականացնում է «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն՝ «ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդին է միացել KY բիզնես դպրոցը: Մրցաշարի գլխավոր հովանավորն է Evocabank-ը: Tweet Դիտում՝ 1046