Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ

12.12.2023 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ #գնանկում
Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%:



2023 թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.5%: 12-ամսյա բնականոն գնաճը հոկտեմբերին կազմել է 0.0%:

«Չորրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել: Դա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների եւ համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ: Նման իրավիճակում գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն հարաբերականորեն զսպող դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ:

Չորրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին նպաստում են շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Արտաքին պահանջարկը դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր: Վերջինս հիմնականում արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների եւ իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաեւ աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի եւ գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:

Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կավելանա եւ միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW