Կառավարությունը կիրականացնի Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների եւ նպաստների նշանակման ու վճարման գործընթացները:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ նախատեսվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները․ կսահմանվեն ԼՂ-ում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները։ «Կառավարությանը վերապահվում է նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը: Այսինքն՝ այս դեպքում հնարավորություն կտրվի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու։ Կարգավորվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձի, քրեակատարողական ծառայողի եւ դատական ակտերի հարկադիր կատարողի զինվորական կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող ընթացակարգերը»,- ասվում է հաղորդագրությունում:Նշվում է, որ կհստակցվեն եւ կպարզեցվեն նաեւ երեխայի ծննդյան միանվագ ու խնամքի նպաստների, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների իրավունքի իրացման ընթացակարգերը։ Tweet Դիտում՝ 1827