Մայիսի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին ցուցադրվել է «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմի պաշտոնական պրեմիերան:Ֆիլմի ցուցադրությանը ներկա են գտնվել մի շարք հասարակական եւ մշակութային գործիչներ, ֆինանսական եւ դատական համակարգի, միջազգային կազմակերպությունների եւ հիմնադրամների ներկայացուցիչներ։ Ինչպես առաջին՝ «Ոտքի կանգնելու կամքը», այնպես էլ երկրորդ՝ «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնաճանաչում» ֆիլմը հասանելի է ԱրարատԲանկի «Յութուբ» սոցիալական հարթակում: ««Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն էին, ում հնարավորություն էր տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ եւ հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Այս դեպքում՝ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային եւ արձանագրում է «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում եւ սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները»,- ասված է բանկի հաղորդագրությունում: «Ֆիլմի պրեմիերան մայիս ամսին պատահական չէ, քանի որ հենց այս օրերին է մեր ազգը պատմական մի շարք հաղթանակներ արձանագրել եւ միավորվել՝ հանուն մեկ նպատակի», - նշել են միջոցառման կազմակերպիչները։ Ֆիլմաշարի հեղինակ եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանի խոսքով՝ նման ֆիլմաշարի միտքը ծագել է դեռ 2015 թվականից, երբ ինքն ու լուսահոգի պատմաբան Արտակ Մովսիսյանը ցանկանում էին նկարահանել ֆիլմաշար, որը կներկայացներ ազգային արժեքների պահպանման եւ հստակ արձանագրման կարեւորությունը։ Ինչպես առաջին ֆիլմում, այնպես էլ այստեղ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանն ամբողջ ֆիլմի ընթացքում, ստանձնելով պատմիչի դերը, ներկայացնում է պատմական իրադարձություններն ու դիտողի հետ վերլուծում դրանք։ Ֆիլմի երաժշտության հեղինակներն են երաժշտագետ, դաշնակահարուհի Գիսանե Պալյանն ու կիթառահար Կարեն Արզումանյանը («Էմփիրեյ» ռոք խումբ), սցենարի հեղինակը Լիլիթ Բարսեղյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ ԱրարատԲանկի խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը։Ֆիլմը նկարահանվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, որից բանկը որեւէ շահույթ չունի։ «Սա եզակի համագործակցություն է մասնավոր եւ պետական հատվածի միջեւ։ Մենք շատ ուրախ ենք, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ներդրում ենք իրականացրել կրթության մեջ, որն, անշուշտ, կայուն ապագայի երաշխիքներից է»,- նշել է Աննա Ալլահվերդյանը՝ ԱրարատԲանկի գործադիր տնօրենի խորհրդականը հասարակայնության հետ կապերի գծով։ «Առաջին ֆիլմի փորձնական դիտումներ են կազմակերպվել Հայաստանի եւ սփյուռքի հայկական մի շարք համայնքների դպրոցներում՝ որպես պատմության դրվագները մատուցելու այլընտրանքային մեթոդ: Ապա ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ առաջին՝ «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի օրինակով կազմվել է ուսումնամեթոդական ձեռնարկ, որն այս սեպտեմբերից կմտնի Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաեւ սփյուռքի կրթօջախներ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14895