ԱՆԻՖ-ը մասնակցել է Միլանում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ֆորումի կոնֆերանսին

29.05.2023 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #Ինքնիշխան ֆոնդերի ֆորումի կոնֆերանս
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանն ասել է՝ թե զարգացած, թե զարգացող երկրներում գնալով մեծանում է ինքնիշխան ֆոնդերի մասնակցությունը երկրների կայուն զարգացման, բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական (ԲՍԿ) կանոնակարգերի ձեւավորմանը։

«Հայաստանում այս խնդիրները հաճախ դեռ սաղմնային փուլում են եւ ԱՆԻՖ-ի համար կարեւոր է նպաստել մեր բիզնես գործընթացների սինխրոնացմանը միջազգային շուկաների գնալով խստացող պահանջներին։ Այս ֆորումում փորձի փոխանակումը, մեր ծրագրերի եւ Հայաստանի՝ այս ուղղությամբ արվող ջանքերի ներկայացումը նման հարթակներում կարեւոր է, թեեւ դրա կարեւորությունը միշտ չէ որ մեր երկրում պատշաճ գնահատվում է»,- ասել է Դավիթ Փափազյանը:

ԱՆԻՖ-ից հայտնել են, որ մայիսի 26–ին Միլանում անցկացվել է Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) կոնֆերանսը՝ «Ինքնիշխան ֆոնդերի կայունության ցուցանիշները, ազդեցությունը, զարգացումը եւ մարտահրավերները» թեմայով։

Ֆորումին մասնակցել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը եւ տնօրենների խորհրդի անդամ Իսիդորո Լուչիոլան։

Ֆորումի հիմնական շեշտադրումը կայուն զարգացման, բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական (ԲՍԿ) խնդիրներում ինքնիշխան ֆոնդերի դերն ու մասնակցությունն էր։

Միլանի ֆորումին ԱՆԻՖ-ի մասնակցության առիթով Իսիդորո Լուչիոլան Milano Finanza պարբերականի հետ զրույցում մեկնավանել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները.  

«Ինքնիշխան ֆոնդերի համար գնալով կարեւորվում է ներդնել ողջ ներուժը նպաստելու այն նախագծերին, որոնք ուղղված են ածխածնի արտանետումների նվազեցմանը, դրական սոցիալական ազդեցության խթանմանը եւ լավագույն կառավարչական պրակտիկայի ապահովմանը: Սուվերեն ֆոնդերի առաքելությունը՝ զարգացնել ազգային տնտեսությունը եւ ապագա սերունդների համար հարստություն ստեղծել մակրոտնտեսական քաղաքականության սահմանման եւ նպատակների շրջանակում, ուղղակիորեն կապված է ԲՍԿ օրակարգի իրականացման հետ:

Ֆորումի ընթացքում քննարկումները կենտրոնացած էին մի շարք գործիքների վրա, որոնք սուվերեն ֆոնդերը կարող են օգտագործել իրենց երկրներում բիզնեսի զարգացման գործում ԲՍԿ նպատակներն առաջ տանելու համար»:

Նա նշել է, որ ԱՆԻՖ-ի ներդրումային գործունեությունը դառնում է կայունության ոլորտի հենանիշ, եւ ԲՍԿ-ն կշարունակի լինել ներդրումային որոշումների շարժիչ ուժը:

Նշվում է, որ ԱՆԻՖ-ն անցյալ տարի է դարձել է IFSWF ասոցացված անդամ։

Այս շաբաթ Դավիթ Փափազյանը նաեւ ելույթ է ունենալու Լոնդոնում անցկացվող «Global Wealth Conference – Europe 2023» կոնֆերանսին, որն անցկացվում է Ինքնիշխան ֆոնդերի Ինստիտուտի կողմից։
Դիտում՝ 10019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW