ԱրարատԲանկն արժանացել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի «ՎԶԵԲ-ի կարեւոր գործընկեր» (Valued Partner of EBRD) մրցանակին՝ ՎԶԵԲ-ի եւ ԱրարատԲանկի միջեւ երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության համար։ Ինչպես հայտնել են բանկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ԱրարատԲանկի միջեւ արդյունավետ եւ երկարատեւ համագործակցությունը մեկնարկել է դեռեւս 2007թ.-ին։ Համագործակցության շրջանակում շուրջ երկու տարի հատկացվել է Ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրականացմանը (Institutional Building Programme), որի ընթացքում ԱրարատԲանկի գրեթե բոլոր ստորաբաժանումներն անցել են համապատասխան վերապատրաստումներ, գործընթացները վերափոխվել են եւ համապատասխանեցվել միջազգային չափանիշներին, ներդրվել է կորպորատիվ կառավարման մշակույթ, կատարվել են բարեփոխումներ ռիսկերի կառավարման եւ գնահատման գործընթացներում։ «Բանկի առաջին մեծ ձեռքբերումը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքված երկու պայմանագրերն էին՝ ուղղված Հայաստանում միջազգային առեւտրի խթանմանը եւ ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը։ Համագործակցությունը հնարավորություն է տվել մեզ լինել հայաստանյան առաջնային բանկերի շարքում եւ հաճախորդներին տրամադրել եվրոպական բանկային համակարգի չափանիշներին համապատասխանող ծառայություններ»,- ասել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։ Նշվում է, որ «ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն օգնում է հայկական ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ սարքավորումների եւ տեխնիկայի արդիականացման նպատակով։Մրցանակը շնորհվել է ապրիլի 14-ին՝ Երեւանի «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում կայացած «ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ – գրանցված արդյունքներն ու հեռանկարները» միջոցառման ընթացքում։ Tweet Դիտում՝ 11394