Միջազգային շուկա դուրս գալ ցանկացող եւ արդյունավետ լոգիստիկ հնարավորություններ փնտրող ընկերությունների համար Հայ գործարարների ասոցիացիան եւ CDEK ընկերությունն Երեւանում անցկացրել են «Հայաստանյան բիզնեսն առանց սահմանների. ի՞նչպես դուրս գալ միջազգային շուկա» ֆորումը:Միջոցառման ընթացքում արտահանմամբ եւ օնլայն վաճառքներով զբաղվող շուրջ 120 ընկերությունների ներկայացուցիչներին դասախոսությունների միջոցով ներկայացվել են արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները, նոր գործիքներն ու ծրագրերը։«Արտահանման հետ կապված խնդիրները եւ խոչընդոտները շատ են, բայց այդ գործընթացի գրագետ կազմակերպման եւ առկա հնարավորությունների արդյունավետ կիրառման դեպքում հնարավոր է ապահովել միջազգային շուկայում հայկական արտադրանքի բարձր ներկայացվածությունը»,- ֆորումի բացմանը նշել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:Միջոցառմանը բացման խոսքով ելույթ է ունեցել նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Ֆորումի վերնագիրը շատ հոգեհարազատ է եւ կառավարության տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ միտված է հայկական բիզնեսին նման ամբիցիայով օժտելը, զինելը, որը թույլ կտա մեր բիզնեսին ոչ միայն արտահանել, այլեւ մասնաճյուղեր բացել, տարածվել, գրավել նոր շուկաներ»,- նշել է նա:Նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարի տպավորիչ աճ է արձանագրել եւ այս տարվա առաջին երկու ամսվա թվերը եւս բավականին լավն են. «Առաջին երկու ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9% է: Նախօրեին էլ շատ լավ նորություն ունեցանք գնաճի վերաբերյալ, որը կտրուկ նվազել է մինչեւ 5,4%, ինչն էլ նշանակում է, որ, հավանաբար, որոշակի թուլացումներ կարելի է ակնկալել դրամավարկային քաղաքականության մասով եւ փորձել այնպես անել, որ ֆինանսների հասանելիությունը դառնա ավելի լավը, ավելի էժան»:Վահան Քերոբյանը հայտնել է, որ այս ուղղությամբ կառավարությունը մի շարք նախագծեր ունի. «Մեր գլխավոր ծրագիրը տնտեսության արդիականացմանն է վերաբերում, որի ներքո ընկերությունները կարողանում են սարքավորումներ եւ հոսքագծեր ձեռք բերել լիզինգով, իսկ կառավարությունը սուբսիդավորում է վարկային տոկոսների զգալի մասը: Ընկերությունները սրանով հնարավորություն են ունենում 3-4% տոկոսադրույքով դրամով վարկեր ձեռք բերել սարքավորումները թարմացնելու համար»: Tweet Դիտում՝ 4450